«Հրազդան ցեմենտի գործարանի» ճակատագիրը դեռևս մնում է անորոշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդան ցեմենտի գործարանի» ճակատագիրը դեռեւս մնում է անորոշ: Ներկայումս ընկերությունը չի աշխատում, սակայն ունի պահեստավորված արտադրանք: Ու ցեմենտի երբեմնի խոշոր արտադրող գործարանն այսօր փակման եզրին է: Պատճառը այս ընթացքում գործարանի կուտակած հսկայական պարտքերն են: Եւ չաշխատելու հետեւանքով հայտնվել է սնանկացման եզրին:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Փի Փի Էֆ Բանկա Էյ.Էս» ընկերությունը օգոստոսի 28-ին դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասությունների դատարան՝ «Հրազդան ցեմենտի գործարան»-ին սնանկ ճանաչելու պահանջով: «Փի Փի Էֆ Բանկա Էյ.Էս»-ը չեխական ընկերություն է, որին 18 մլն 520 հազար 806 դոլարին համարժեք դրամ պարտք է նաեւ ազգային նախկին ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը:

«Հրազդան ցեմենտի գործարան»-ի աշխատակիցները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ արդեն երկու շաբաթ է, ինչ տարբեր ազգության մարդիկ են գալիս ցեմենտի գործարան, ներկայանում որպես գործարանի գնորդներ եւ պտտվում են տարածքով, զննում սարքավորումներն ու առանց որեւէ բան ասելու՝ հեռանում: Նրանց պատմելով՝ նույնիսկ մի գնորդի համար գործարանը մի քանի օր աշխատել է, որպեսզի վերջինս հաշվարկի՝ եկամտաբե՞ր է ցեմենտի գործարանը, թե՞ ոչ: Ի դեպ, գործարանի վաճառքի մասին տեղեկությունը ղեկավարությունը աշխատակիցներից չի թաքցնում: Սակայն այդպես էլ գործարանը գնորդներ չի գտնում:

Գործարանի աշխատակիցներից մեկի (անունը հարգելի պատճառներով չենք նշում) կարծիքով՝՝ գնորդները գործարանը չգնելու իրենց պատճառներն ունեն. «Գործարանի մեխանիկական մասը հին է, 30-ականների սարքավորումներ են, դրանք անմխիթար վիճակում են եւ ենթակա են փոփոխման»:

«Ժողովուրդ»-ը գործարանի որոշ աշխատակիցներից տեղեկացավ, որ այս տարվա մեջ ցեմենտի գործարանն աշխատել է ընդամենը 17 օր: Իսկ այդ օրերի արտադրված ցեմենտը պահեստավորված է: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց հարցերին պատասխանել: Խնդրեց հարցերը գրավոր ուղարկել, ապա դրանից էլ հրաժարվեց. «Այս պահին միայն կարող եմ ասել, որ գործարանում ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Իսկ սնանկացման մասով ոչինչ չեմ կարող ասել»,- եզրափակեց Մարտիրոսյանը:

Իսկ, ահա, «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արսեն Չիտչյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ ընկերությունը դեռ ժամանակ ունի առարկություններ, ապացույցներ ներկայացնել, որ պարտք չունեն եւ չեն կարող սնանկ ճանաչվել: «Բոլոր ընկերություններն էլ պարտքեր ունեն, բայց դա չի նշանակում, որ կարող են սնանկ ճանաչվել»,- լրացրեց Չիտչյանը:

Այնուամենայնիվ, դեռ շարունակում է օդում կախված մնալ ցեմենտի գործարանի վերագործարկման հարցը: Այն սնանկ կճանաչվի, թե ոչ, առաջիկայում պարզ կդառնա: Չէ որ օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի էր հանել «Հրազդան ցեմենտի գործարանին» պատկանող մեծ քանակությամբ ցեմենտ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս