ՆԱԽԱՐԱՐԻ ՈՏԸ «ԽԵՐՈՎ ՉԷՐ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ այցելությունից հետո գործարանի տնօրինությունը սկսել է լայն թափով կրճատումներ անել: Ի դեպ, նախարարը մոտ երկու շաբաթ առաջ կատարած իր այցելության ժամանակ խոստացել էր, որ առաջիկայում գործարանը կրկին կաշխատի, իսկ աշխատակիցները նորմալ կստանան իրենց աշխատավարձերը:
Երեկ կրճատումների մասով տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց «Նաիրիտ»-ի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանի հետ, ով ասաց, թե. «Կրճատման ծանուցագիր ուղարկվել է ընդամենը յոթ աշխատակցի: Ամբողջ հինգ տարիների ընթացքում, երբ «Նաիրիտ»-ը չի աշխատել, կրճատվել է ընդամենը 1000 մարդ» («Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ներկայումս ունի 2267 ձեւակերպված աշխատող, հարկադիր պարապուրդում՝ 1365 աշխատող):
Տեղեկացնենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներն իրենց վերջին աշխատավարձը ստացել են սեպտեմբերի 15-ին: Աշխատակիցները չեն էլ հիշում, թե դա 2012 թ.-ի հատկապես ո՞ր ամսվա աշխատավարձն է: Իսկ թե հաջորդը ե՞րբ կստանան, մամլո խոսնակը դժվարացավ նշել:
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով ոչ իշխանական եռյակին կոչ արեց որեւէ հանրահավաք չանել ու «գնալ իրենց տները»: Պատգամավորը վստահ է, որ խորհրդարանական 3 ուժերը որեւէ բան չեն կարող անել, քանի որ նրանք իշխանությունների հետ նույն «կաթսայում» են գտնվում: Մեր զրուցակիցը նկատեց նաեւ, որ մինչեւ այսօր ԲՀԿ-ն չի բարձրաձայնել Սերժ Սարգսյանի ձախողումների մասին: Իսկ ինքը՝ Բադասյանը, մշտապես դրանց մասին խոսել է ու հրապարակայնորեն պահանջել Ս. Սարգսյանի հրաժարականը. «Պարզապես Սերժ Սարգսյանը կխուզի Գագիկ Ծառուկյանի ամբողջ ունեցվածքը: Ու ինքը պետք է վախենա դրանից եւ ուրեմն Գագիկ Ծառուկյանն ու ընդհանրապես եռյակը, այսօրվա խորհրդարանական բոլոր կուսակցությունները Սերժ Սարգսյանի դաշնակիցներն են, որովհետեւ իրենք տեղ են զբաղեցնում ընդդիմության դաշտում… գրավում են ընդդիմության դաշտը, որպեսզի Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարի»:
Սովորաբար ընդունված է ասել, որ «հայկական եկեղեցու եւ բանակի մասին չի կարելի վատ բան ասել»: Որոշ դեպքերում համաձայնելով այդ տեսակետի հետ, այնուամենայնիվ, չենք կարող չարձանագրել ու չհիշել տարբեր ընդդիմադիրների կողմից հնչած ելույթներն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն գործարար հակումներ ունի եւ սիրում է «փողից փող սարքել»: Պարզվում է՝ ինչպես շատ հայ գործարարներ են մանեւրներ անում՝ հարկային, մաքսային վճարները չտալու կամ քիչ տալու համար, այնպես էլ, ցավոք, Հայ առաքելական եկեղեցու այս դեպքում ԱՄՆ Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հունիս ամսին հայաստանյան մասնաճյուղի անունով Հայաստան են ներմուծվել խառը ապրանքներ, որի մասին ընկերության տնօրեն Բագրատ Սարգսյանը սահմանված ժամանակին հայտարարագիր չի ներկայացրել մաքսային մարմին: Սրա հետեւանքով ՀՀ ֆինանսների նախարարությունը տնօրենին ենթարկել է վարչական պատասխանատվության` 50.000 դրամի չափով:
ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եղբոր որդին՝ Արսեն Եղոյանը, իր թեկնածությունն է առաջադրել ՀՀ Շիրակի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի պաշտոնում: Նա մրցելու է գործող գյուղապետ դաշնակցական Սեյրան Փիլոսյանի հետ: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արսեն Եղոյանի հետ եւ պարզեց, որ արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Եղոյանը նոր է Հայաստան վերադարձել: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ՕԵԿ-ական հորաքո՞ւյրն է ստիպել, որ առաջադրի իր թեկնածությունը եւ ընտրվելուց հետո ՕԵԿ-ին անդամագրվի, նա պատասխանեց. «Ինքը ինձ առաջադրվելու մասով չի ստիպել: Հիմա՝ չէ: Բացի այս՝ չեմ ուզում խորանալ կուսակցությունների մեջ: Հետագայում հնարավոր է»: Իսկ ի՞նչ եք կարծում՝ բնակիչները Ձեզ կընտրե՞ն: Մեր այս հարցին թեկնածուն պատասխանեց. «Ես գիտեի, թե անցյալ տարի էր ընտրությունը, բայց փաստորեն այս տարի է, դրա համար բնակիչների հետ Ռուսաստանից խոսել եմ: Իրենց հետ հաշվարկել եմ ու նոր առաջադրվել: Վստահ եմ, որ կանցնեմ»:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՊԱՀԱՆՋԸ
Հոկտեմբերի 10-ին մնացել է ընդամենը երկու օր, սակայն մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ է մեզ սպասվում այդ օրը: Ընդ որում, խոսքը ոչ միայն եւ ոչ այնքան եռյակի հրավիրած հանրահավաքի մասին է, որքան Մինսկում ծավալվելիք զարգացումների, որոնք վճռորոշ նշակություն են ունենալու Հայաստան պետության համար` անկախ այն բանից, թե առաջիկա տարիներին ով կլինի իշխանության ղեկին: Սակայն այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումն ամենեւին էլ չի հուզում ո՛չ քաղաքական ուժերին, ո՛չ էլ այս օրերին նրանց հրավիրած հանրահավաքներին գնացող ժողովրդին:
Մինչդեռ անդամակցության դեպքում սպասվելիք անմխիթար տնտեսական հեռանկարից զատ, ԵՏՄ-ի մասին պայմանագրի հրապարակված նախագծից հստակ է դառնում, որ ներկայումս միանգամայն ռեալ է անդամակցության դեպքում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետի տեղադրման վտանգը: Իսկ թե դա իր հերթին ինչպիսի նոր վտանգներ կարող է առաջ բերել, դժվար չէ հասկանալ: Սկսած այդ մաքսակետը ընդհանուր` ԵՏ միութենական ուժերի կողմից վերահսկելուց, ավարտած` ԼՂՀ-ն՝ որպես Ադրբեջանի տարածք ընդունող (համենայն դեպս` թե՛ Բելառուսը, թե՛ Ղազախստանը եւ թե՛ անգամ Ռուսաստանը բազմիցս հայտարարել են, որ իրենք ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասել է թե` Ղարաբաղը համարում են Ադրբեջանի անքակտելի մաս) ԵՏՄ եռյակի կողմից որպես այլընտրանք` այդ մաքսակետում նաեւ ադրբեջանական սահմանապահների տեղակայման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բավարարումը` վերջինիս եւս ԵՏՄ ընդգրկելու դիմաց:
Նման զարգացումների հավանականությամբ ոգեւորված` արդեն իսկ ադրբեջանական փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում հայտարարություններ են հնչում, որ ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությունից ավելի լավ նվեր դժվար էր անել Ադրբեջանին, եւ որ այդպիսով` կարվի Ղարաբաղը Ադրբեջանից «պոկելու» առաջին անվերադարձ քայլը:
Իսկ ինչպես են այս ամենին արձագանքում Հայաստանի քաղաքական ուժերն ու հանրությունը. բացարձակապես ոչ մի կերպ: ՀՀ քաղաքագիտական շրջանակներն ու լրատվամիջոցները զբաղված են «շատ կարեւոր» մի խնդրով` առաջիկա հանրահավաքում իշխանափոխության պահանջի լինել-չլինելու շուրջ կանխատեսումներ անելով: Մինչդեռ նույնիսկ, եթե այդ պահանջը հնչի եւ անգամ իրագործվի էլ, ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում արդեն ուշ կլինի: Ուստի, եթե եռյակի ուժերն իրապես մտահոգված են Ղարաբաղի ճակատագրով, հարկ է, որ այսօր Գյումրիում կայանալիք հանրահավաքում՝ որպես առաջնային պահանջ, հնչեցնեն իրենց հրապարակած 12 կետանոց պահանջագրի ամենավերջին` Ղարաբաղին վերաբերող կետը` այդպիսով նաեւ ցույց տալով, որ իրենց առաջնային նպատակը ոչ թե իշխանության հասնելն է` զուտ իշխանության, այլ՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած կործանարար գործընթացը վիժեցնելը: