ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՐՄԱՎԻԱ»-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԹՌԱԾ» Է

«Արմավիա» ավիաընկերությունը 10 ամիս է` չի գործում, սակայն դեռեւս պարտք է «Զվարթնոց» օդանավակայանին եւ իր նախկին աշխատակիցներին: Չնայած աշխատակիցների բողոքներին եւ դատական հայցերին` «Արմավիա»-ի ղեկավարությունը չի ստանձնում ամբողջական պարտքը մարելու պարտավորվածությունը, այն դեպքում, երբ ընկերության՝ սնանկ ճանաչելու փաստը չի վճռվել դատարանով: Դրա փոխարեն «Արմավիա» ընկերության ղեկավարությունը պարզապես խուսափում է որեւէ մեկնաբանություն տալ:

«Արմավիա» ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանին դեռեւս պարտք է 5. 5 մլն դոլար, այդ մասին օդանավակայանի մամլո ծառայությունը տեղեկացրել էր դեռ մի քանի ամիս առաջ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտ ամսից սկսած, երբ ավիաընկերությունը հայտարարեց իր սնանկության մասին, այդ պարտքի մարում չի արել:
Հիշեցնենք, որ դեռեւս մեկ տարի առաջ «Զվարթնոց» օդանավակայանը մի քանի անգամ հրաժարվել էր սպասարկել «Արմավիա»-ի չվերթները՝ պարտքերի պատճառով: Մարտին, երբ «Արմավիա»-ն հայտարարեց իր սնանկության մասին, պարզ դարձավ, որ ընկերությունը պարտք է նաեւ իր աշխատակիցներին, ՊԵԿ-ին եւ այլ կառույցներին։ Սակայն ընկերության սեփականատեր Միքայել Բաղդասարովը սնանկ ճանաչելու գործըթնաց դատական կարգով այդպես էլ չսկսեց, ինչը նշանակում է, որ իրականում «Արմավիա»-ն վճարունակ է, սակայն չի կատարում իր առջեւ դրված պարտավորությունները:
Հուսահատված նախկին աշխատակիցները 10 ամիս է` բողոքի ցույցեր են կազմակերպում աշխատավարձերի վճարման պահանջով: Բոլորովին վերջերս` փետրվարի 11-ին, նրանք բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին` ահազանգելով, որ մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը, վերջնահաշվարկները եւ օրապահիկները: Նրանք տեղեկացրել էին, որ դիմել են դատարան 3 տարի չվճարած օրապահիկների գումարը ստանալու նպատակով, իսկ արդյունքում՝ Բաղդասարովը հրաման էր տվել դադարեցնել արդեն իսկ կամաց-կամաց վճարվող աշխատավարձերի վճարումը:
Մեզ հետ զրույցում «Արմավիա»-ի նախկին մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան ասաց, որ ոչ մի տեղեկություն չունի, թե որքան է կազմում ընկերության պարտքը «Զվարթնոց» օդանավակայանին եւ նախկին աշխատակիցներին, կամ երբ են մարվելու ունեցած պարտքերն ընդհանրապես: Տեղեկացնենք, որ այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով մենք մեկ շաբաթ առաջ հարցում էինք ուղարկել Ավետիսովային, սակայն չէինք ստացել հարցման պատասխանը:
«Ձեր ուղարկած հարցերը ես ուղարկել էի «Արմավիա», բայց ոչ ոք ինձ չի պատասխանել, ղեկավարությունը չկա, դրա համար չկա պատասխան»,- ասաց Ավետիսովան` շեշտելով, թե ընկերությունը վաղուց արդեն լուծարվել է, հետեւաբար ինքն այլեւս խոսնակ չէ: Այնուամենայնիվ հիշեց, որ ամանորյա տոներից առաջ վճարվել է աշխատավարձերի 88 տոկոսը, իսկ այժմ բացարձակապես ծանոթ չէ նոր իրադարձություններին:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապվել «Արմավիա»-ի սեփականատեր Միկա Բաղդասարովի հետ, ով սկզբում պատասխանեց հեռախոսազանգին, ապա, մեզ չլսելու պատճառաբանությամբ, անջատեց հեռախոսը: Կրկին անգամ զանգահարելուց հետո, հեռախոսը վերցրեց այլ անձ` ներկայանալով որպես Բաղդասարովի օգնական, ասաց, թե Բաղդասարովը զբաղված է եւ չի կարող խոսել: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բաղդասարովը խուսափում է ԶԼՄ-ների հետ հաղորդակցվել՝ ասաց. «Իհարկե չի խուսափում, ինքն իրավունք չո՞ւնի զբաղված լինելու, այ քեզ բան»: Չսպասելով արձագանքի` Բաղդասարովի օգնականն անջատեց հեռախոսը:
Այդպես էլ անհայտ մնաց, թե ով կարող է լույս սփռել փակուղի մտած այս խնդիրների վրա: Նախկին խոսնակը չի կարող, «Արմավիա»-ի սեփականատեր Բաղդասարովը փաստացի խուսափում է: Ստացվում է, որ պարտատերերը ահազանգում եւ պահանջում են, իսկ պարտապանը «թռած» է ման գալիս:

ԼԻԼԻԹ ԼԱԼԱՅԱՆ

 

 

 

 

 

 

ԳՅՈՒՂՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԼԻԿՎԻԴԱՆԱ

ՀՀ Շիրակի մարզի Ձորաշենի համայնքապետ Գառնիկ Սահակյանը մտահոգված է, քանի որ 65 ընտանիք ունեցող գյուղում այս պահին ապրում է ընդամենը 35-ը: Նրա խոսքով՝ գյուղն առաջիկայում լիկվիդանալու է:

-Ինչո՞ւ են գյուղից հեռացել:
-Աշխատատեղ չկա, չեն կարողանում ապրել, հեսա գյուղը լիկվիդանալու է: Չգիտեմ, մեր գյուղի տեղը գիտեք, թե չէ: Մարզի վերջին գյուղն է, ձորերով ձորեր, Ձորաշեն են ասում: Կտրված, լեռնային …
-Ինչո՞ւ է լիկվիդանալու: Ենթադրո՞ւմ եք:
-Չէ, որովհետեւ ես գյուղի մարդկանց գնալուց հասկանում եմ, զգում եմ, որ շուտով կլիկվիդանա, որովհետեւ այսօր փաստացի դպրոցում աշակերտ չունենք: Կրճատվել են: Գնացել են, ու չեն եկել: Եթե տարեկան երկու ընտանիք գնա, հեռանա, գյուղը կլիկվիդացվի:
-Չե՞ք փորձում ինչ -որ կերպ կանխել դա:
-Չգիտեմ, ինչ ըսեմ, դժվարին պայմաններ են, չեմ կըրա ոչ մի բան ըսեմ:
-Դժվարությունները մե՞ծ են:
-Գյուղը բարձր լեռնային գոտում է: Ցանքս չենք անում … Ցորեն չի աճում, գարի նույնպես, բա դժվարություն չէ, ինչ է: Ցանքսը վերացած է մեզ մոտ: Ասել ենք, շատ ենք գրել, էնքան ենք գրել, որ արդեն հոգնել ենք դրանցից:
-Քանի՞ տարի:
-Տասը տարուց շատ: Անջրդի են հողերը, բարձր լեռնային գոտում գտնվելու համար բերքատվություն չի ապահովում:
-Մարդիկ հացն ինչպե՞ս են ձեռքբերում:
-Գտնում են, էլի: Անասուն են վաճառում ու դրանով ալյուր գնում:
-Իսկ այն ընտանիքը, որն անասուն չունի՞:
-Արտագնա աշխատանքի կէրթային ու ամեն տեղից կհայթայթեին:
-Իսկ անասունն էլ պահում են ալյուր գնելու համար:
-Յուրաքանչյուր գյուղացու շարժն անասունի վրա է: Աշխատատեղ չկա: Թե էս արտագնա աշխատանքի պրոբլեմն ինչպես է լուծվելու:
-Բայց մեղմացրել են, հիմա կարծես թե կարող են գնալ:
-Ամեն տարի, մոտ 30 երիտասարդ գնում էր: Աստված մեծ է:
-Հիմա գնացե՞լ են, թե՞ նոր են գնալու:
-Հա, արդեն կամաց-կամաց գնում են: Տեսնենք, թե ինչ կլինի:
-Գոնե երիտասարդ մնո՞ւմ է գյուղում:
-Քիչ են, ծերացող գյուղ է, որ ասում եմ լիկվիդացվում է, չեք հավատում:
-Կաթը կարողանո՞ւմ են իրացնեն:
-Դե, մի կերպ, բայց դա էլ սեզոնային է:
-Իսկ էլեկտրաէներգիայի թանկացումն ինչպե՞ս անդրադարձավ գյուղի վրա:
-Աթարով ենք տաքացել: Մեր կտրված գյուղի համար թեկուզ մեկ դրամի թանկացումը կրկնակի է անդրադառնում: Ծանր ա նստում:
-Կա՞ն ընտանիքներ, որոնք նախատեսվածից շատ են վճարել:
-Մարդիկ տնտեսում են: Իրենք իրենց հաշվարկները գիտեն, քիչ են օգտագործում, որ շատ չվճարեն: Գարնանն են սպասում, թե անասունը քանի լիտր կաթ է տալու, որ էդ կաթով խնդիր լուծեն:

Զրուցեց՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 
45 ՀՈՂԱԿՏՈՐ` ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Հայաստանի` գեղատեսիլ բնություն ունեցող մարզերում գնալով ավելի ու ավելի մեծ ծավալով կառուցապատում է իրականացվում: Որքանով է վերահսկվում այդ նպատակով իրականացվող հողահատկացումը: «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ազգային պարկի ռեկրեացիոն գոտում էկոտուրիզմի եւ հանգստի սպասարկման նպատակով մինչ այժմ տրամադրվել է 45 հողակտոր: Պարկի տնօրենի ներկայացմամբ` այդ հողամասերի տրամադրումը չի խախտում ազգային պարկի էկոհամակարգերը, կառուցապատման ծրագրերը բնապահպանական պետական փորձաքննություններ են անցնում եւ ինքը շատ հետեւողական է, որպեսզի կատարվող շինարարության ընթացքում բնապահպանական բոլոր պահանջները պահպանվեն: Ա.Դավթյանը հայտնեց, որ մինչեւ 2008թվականը հողամասերը տրամադրել է «Դիլիջան» ազգային պարկի մրցութային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ բնապահպանության նախարարության, Դիլիջանի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների եւ «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները: 2008թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության 1578-Ն որոշմամբ ստեղծվել է բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրող միջգերատեսչական մրցութային հանձնաժողով, որն էլ զբաղվում է ազգային պարկում հողամասերի հատկացմամբ: Տրամադրված 45 հողակտորներից միայն 2-ում են ավարտին մոտենում շինարարական աշխատանքները: «Լեռնային Հայաստան» առողջարանի հարակից հատվածում` շուրջ 1 հա տարածքում եւ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհի վերջնահատվածում,շուրջ 1.5 հա տարածքում, կառուցապատման աշխատանքներն ավարտվում են: Ա.Դավթյանի վկայությամբ` տրամադրված որոշ հողակտորներում կատարվել են տարածքը քարերից, փայտից, ճյուղերից, տարբեր մնացորդներից մաքրելու աշխատանքներ, մի հողամասում էլ 7000 քառակուսի մետր ցանկապատվել է: Պարզ լճի մոտ էկոտուրիզմի եւ հանգստի կազմակերպման նպատակով 2006թ. 1.2 հա տարածք է տրամադրվել «Օպելա» ՍՊԸ-ին, որը մաքրել է 25 տարի չմաքրվող, ճահճացող լիճը, էկոտուրիզմի եւ հանգստի կազմակերպման համար պայմաններ ստեղծել: Ա. Դավթյանն ասաց, որ այդ ընկերությունը նաեւ Պարզ լիճ տանող ճանապարհն է բարեկարգել, փոսային նորոգում կատարել: Նկատենք, սակայն, որ Պարզ լիճ տանող ճանապարհը ներկայում գտնվում է վատթար վիճակում եւ ավտոմեքենաները դժվարությանբ են այն հաղթահարում:

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս