«Դարի շինարարություն» անունը ստացած Հյուսիսային պողոտայի կառուցապատումը, պարզվում է, դեռևս չի ավարտվել:
Armlur.am-ի տեսախցիկն այսօր արձանագրել է, որ պողոտայի հատվածներից մեկում դեռ շինարարական եռուզեռ է: Հետաքրքիր է, որ շինաշխատանքների մեկնարկի մասին տեղեկություններ միայն որոնողական համակարգերի միջոցով կարելի է գտնել, քանի որ դրանք այնքան վաղուց են սկսվել, որ ստույգ ժամանակահատված, համենայնդեպս՝ մարդկանց հիշողություններում, չի պահպանվել: Եթե շինարարներն այսչափ դանդաղկոտ չլինեին, միգուցե օրեր առաջ մեծ շուքով նշված «Էրեբունի-Երևան» տոնակատարության նախօրեին կարողացած լինեին պողոտան վերջնական տեսքի բերել:
Մինչդեռ այդ օրը հանդիսավորությամբ «պողոտայի բացմանը» մասնակցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին «դարի շինարարության» հեղինակ շինկազմակերպությունն, ըստ էության, խաբել է: Մնում է հուսալ, որ շինարարության ժամկետներն ավելի չեն երկարաձգվի, քանի որ եղանակային պայմանների սպասվող փոփոխություններն անխուսափելիորեն անհնարին կդարձնեն շինարարական աշխատանքները: