Կեղծիք կատարած ՊՆ մայորը տուգանվեց 250 հազար դրամի չափով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ավարտվեց պաշտոնական կեղծիքի մեջ մեղադրվող, կոչումով մայոր, Արարատի մարզի Արեւշատ գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Բաբայանի դատավարությունը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, զորամասի հրամանատարի համապատասխան հրամանների համաձայն՝ պարտավոր լինելով զորամասի հաշվեկշռում գտնվող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայով կազմակերպել նորակոչիկ վարորդ Գեւորգ Բադալյանի մարտավարամասնագիտական մեքենավարման պարապմունքներ, տրանսպորտային միջոցի գերածախսով աշխատելն ու առկա անսարքությունները թաքցնելու եւ այդ առումով վերադաս հրամանատարության դիտողությանը չարժանանալու նպատակով կատարել է պաշտոնական կեղծիք. ուղեգրերի մեջ գրառել է վազքաչափի ցուցիչների տվյալների, վառելիքի ծախսի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Ա. Բաբայանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնական կեղծիք): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ա. Բաբայանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն: Նա հայտարարել է, որ ընդունում է իր մեղքը եւ զղջում է կատարածի համար: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը: Հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Արթուր Բաբայանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել տուգանքի՝ 250 հազար դրամի չափով:

Ոսկան Սարգսյան




Լրահոս