ՀՂԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈ՞ՒՄ ԹԵ՞ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը օրենսդրական փաթեթով նախատեսում է 2016 թվականի հունվարի 1-ից հղիության եւ ծննդաբերության նպաստ (140 օրվա համար) տրամադրել նաեւ չաշխատող մայրերին: Նվազագույն աշխատավարձի չափի՝ 66 հազար դրամով հաշվարկելու դեպքում չաշխատող կինը կստանա 230 հազար դրամ գումար: Փոխարենը հաջորդ տարվա հունվարի 1-ից կկրճատվի աշխատող մայրերի նպաստի չափը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ:
-Պարո՛ն Ասատրյան, այս նոր օրինագիծը շարժել է բազմաթիվ հղիների ու աշխատող մայրերի զայրույթը: Առաջիկայում նրանք պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել: Եթե ակցիաները շարունակական լինեն, հնարավո՞ր է` վերանայեք մոտեցումը:
-Ես կարծում եմ, որ այստեղ եւս խնդիրը վերաբերում է հարցի համակողմանի քննարկման անհրաժեշտությանը, խնդիրներն առավել խորքային պատկերացնելուն եւ դրանց վերաբերյալ նոր կարծիք հայտնելուն: Հիմա առաջիկա մեր աշխատանքները վերաբերում են հենց հանրային քննարկումները կազմակերպելուն: Այս հարցի մասով կառավարությունն ինչ է ասում. մենք ունենք ձեւավորած առաջարկություններ, դրանք պետք է լինեն, բնականաբար, նախագծի տեսքով, բայց եւ վերջնական լուծումներ չեն: Սրանք առաջարկություններ են, որոնք դրվել են հանրային քննարկման: Մենք բաց ենք ու ակնկալում ենք, որ բոլոր շահագրգիռ անհատները եւ անձինք ներկայացնեն կոնկրետ առաջարկություններ խնդրի լուծման վերաբերյալ: Ամենակարեւորը՝ որ մենք համաձայնենք խնդիրների ձեւակերպման շուրջ: Եթե բոլոր կողմերով խնդիրները հստակ ձեւակերպենք, ապա կգտնենք լուծումներ, քանզի, կարծում եմ, որ ոչ միայն կառավարությունը, այլեւ պատգամավորները, նաեւ՝ մեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, բոլորս նույն նպատակն ենք հետապնդում: Ի դեպ, նշեմ, որ օրենսդրական այս նախաձեռնությունը քննարկել ենք նաեւ «Հանրապետական» կուսակցության ներսում՝ պատգամավորների հետ: Բազմաթիվ մտահոգություններ, հարցեր, առաջարկներ հնչել են նաեւ ՀՀԿ-ական պատգամավորների կողմից:
-Պարո՛ն Ասատրյան, ՎՊ-ն իր՝ 2013 թվականի տարեկան հաշվետվության մեջ «կասկածելի» հղիներ էր հայտնաբերել, որոնք որոշ ընկերություններում աշխատանքի են ընդունվել եւ պայմանագիր են կնքել հղիության նպաստ ստանալուց ընդամենը մեկ-երկու ամիս առաջ: Այս ընկերությունների թվում են նաեւ «Երեւանի գինու կոնյակի գործարանը», «Նատալի Ֆարմ»-ը, «Գեոպրոմայինգ» ընկերությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Նախ ակնհայտ է, որ որեւէ իրավական խախտում տեղի չի ունեցել: Այսինքն՝ կազմակերպությունները, որոնք վճարել են հղիներին, որեւէ խախտում չեն կատարել: Ես այստեղ չէի անձնավորի կամ կոնկրետացնի կազմակերպությունները, այլ ուղղակի երեւույթին է պետք անդրադառնալ ամբողջական՝ վերանալով կազմակերպություններից եւ անհատներից: Ամեն դեպքում, խնդիրը հետեւյալն է՝ մենք ունենք արձանագրված վիճակ, ըստ որի՝ այսօրվա օրենսդրական կարգավորումների շրջանակներում բավականին բարձր չափի նաեւ նպաստներ են վճարվում, բայց նորից արձանագրելով, որ դրանք օրենքով սահմանված կարգով են վճարվում:
-Վերջերս «Ժողովուրդ»-ի խմբագրությունը մի շարք քաղծառայողներից դժգոհություններ ստացավ այն մասին, որ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացել է իրենց պարգեւավճարների հաշվին: Այսինքն՝ եթե իրենք նախկինում երեք ամիսը մեկ ստանում էին պարգեւավճարներ, ապա հիմա նրանք դրանցից ուղղակի զրկվել են: Դուք տեղյա՞կ եք խնդրին:
-Ես նման տեղեկատվություն չունեմ: Պետք է ավելի կոնկրետ լինի, որովհետեւ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի համար նախատեսվում է համապատասխան աշխատավարձի ֆոնդ, այդ թվում՝ պարգեւատրումների իրականացման համար: Այդ պարգեւատրումների իրականացումը կանոնակարգված է օրենսդրությամբ: Պետք է հասկանանք, որ այն, ինչն իրականացվել է, օրենսդրությամբ սահմանված կարգով է: Ես մեր նախարարության մասով կարող եմ ասել, որ այն, ինչ պլանավորված է եղել նախորդ տարվա պետական բյուջեում այդ ժամանակվա գործող օրենդրության համաձայն, 2014 թվականի պետբյուջեում ավելացվեց նախատեսված աշխատավարձերի մասը, ինչը որ ավելացումներ էր նախատեսում: Նաեւ հատկացվել եւ պատրաստվել է պարգեւատրման ֆոնդը, որն ուղղվում է նորից աշխատակիցների պարգեւատրմանը: Այդ առումով ես որեւէ խնդիր չեմ կարող արձանագրել:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՄԱՐԶԵՐ
ՀՈՆԻ ՕՂԻ՝ ԿՈՐԻԶՆԵՐԻ՞Ց
Վերջերս Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում մի տատիկ իր թոռանը պատվիրել է անցյալ տարվա հոնի մուրաբան ուտելուց հետո հոնի կորիզները չշպրտել, այլ հավաքել: Տատիկն այդ կորիզներից, այլ մրգերի սպիրտից «հոնի օղի է սարքում»: Հոնի կորիզները պետք է մրգերից թորված տնական օղուն հոնի համ տան՝ խաբելով անտեղյակ գնորդներին: Ներկայումս Տավուշի մարզում հոնի տնական օղու լիտրը վաճառվում է 5 հազար դրամով: 2014թ. սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզ կատարած իր այցի ավարտին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եղել է Իջեւանի գինու, կոնյակի գործարանում, որտեղ գործարանի փոխտնօրեն Գագիկ Աղաբաբյանն ասել է, թե այս տարի իրենց մոտ մթերել են ծիրան եւ հոն, որից օղի են թորել: Տավուշի մարզում ծիրանենիները քիչ են, իսկ այս տարվա գարնանը ցրտահարությունից գրեթե ամբողջությամբ ոչնչացավ հոնի եւ ծիրանի բերքը: Դիմեցինք Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կոնյակի արտադրության գծով փոխտնօրեն Գագիկ Աղաբաբյանին՝ պարզելու համար, թե ինչպես են նրանք մթերել ծիրանի եւ հոնի բերք, երբ այն մարզում բացակայում է: Նա ասաց, որ իրենք ծիրան մթերել են ոչ թե Տավուշի մարզից, այլ Արարատյան դաշտից: Գ. Աղաբաբյանի խոսքերով` իրենք պատվիրատուների հետ պայմանագիր ունեն հոնի օղի մատակարարելու վերաբերյալ, ուստի Աչաջուր գյուղից կիլոգրամը 450 դրամով հոն են մթերել, որից օղի են թորել, մուրաբա եւ կոմպոտ պատրաստել: Փոխտնօրենը նշեց, որ իրենք Իջեւանի տարածաշրջանից 60 կգ հոն են մթերել` կիլոգրամը 600 դրամով: Նշենք, որ անցյալ տարի Իջեւանի տարածաշրջանի բնակիչները հոնը մթերողներին հանձնել են կիլոգրամը 150-170 դրամով: Տավուշի մարզի անտառամերձ համայնքների շատ բնակիչների համար անտառում հոն հավաքելը, դրանք մթերող անձանց կամ կազմակերպություններին վաճառելը ընտանեկան կարիքները հոգալու միջոց է:
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԳԵՏ ՉԿԱ՞
Տավուշի մարզի բնությունը շատ գեղեցիկ է՝ խիտ անտառներ, գեղահոս գետեր, կանաչ դաշտեր: Այդ չքնաղ բնությունը ստեղծագործական ներշնչանք է հաղորդում Հայաստանի այդ անկյունի ստեղծագործողներին՝ բանաստեղծներին, գրողներին, նկարիչներին, քանդակագործներին, երաժիշտներին, երգիչներին եւ այլոց: Տավուշից սերվել են մշակույթի բազմաթիվ անվանի գործիչներ: Սակայն զարմանալի է, որ Տավուշի մարզպետարանի 112 հոգանոց աշխատակազմում մշակույթը համակարգող ընդամենը մեկ մասնագետ կա: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցը՝ Խաչատրյան Մարինեն, ո՛չ հայտնի ստեղծագործող է, ո՛չ էլ՝ մշակույթի ոլորտի մասնագետ: Մեր տեղեկություններով նա խորհրդային տարիներին ավարտել է պոլիտեխնիկ ինստիտուտը եւ շուրջ 10 տարի է` զբաղեցնում է հիշյալ պաշտոնը: Ոչինչ չունենալով այդ կնոջ դեմ՝ համոզված ենք, որ մշակույթի ոլորտը պետք է համակարգի մշակույթի մասնագետը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԼՈՒՐԵՐ
ԴՊՐՈՑԸ ՓԱԿՎԵԼ Է
ՀՀ Շիրակի մարզի Բարձրաշեն համայնքի դպրոցը տեւական ժամանակ է, ինչ չի գործում: Պատճառը աշակերտների թվի նվազումն է: Սակայն գյուղում նախադպրոցական տարիքի երեխաներ կան, որոնք հետագայում կարող են հաճախել Իսահակյան համայնքի միջնակարգ դպրոց: Այս խնդիրը կարգավորելու եւ Բարձրաշենի նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցումը հետագայում բնականոն կազմակերպելու նպատակով կառավարության վաղվա նիստում որոշում կկայացվի «Բարձրաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միացնել նույն մարզի Իսահակյան համայնքի «Իսահակյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին: Նշենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Շիրակի մարզպետարանի կողմից:
ԱՆՄԽԻԹԱՐ Է
Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքի հիմնական դպրոցի մարզադահլիճն անմխիթար վիճակում է գտնվում: Մարզադահլիճի հիմնանորոգման նպատակով ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում կհատկացնի 11 մլն 800 հազար դրամ: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Եղնիկ համայնքի հիմնական դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման հանգամանքով: Ի դեպ, դպրոցի հիմնանորոգման եւ սեյսմազինվածության ավելացման նպատակով ՀՀ կառավարությունը դեռեւս այս տարվա մարտի 19-ին «Եղնիկ համայնքի դպրոցի վերանորոգում եւ ամրացում» ծրագրի համար հատկացրել է 72 մլն 800 հազար դրամ, ներկայումս շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:
ԳԵՐԻՇԽԵԼ ԵՆ
Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ հոկտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 39 հազար 712 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4 հազար 231 կանչ, որոնց հետեւանքով հոսպիտալացվել է 806 մարդ:
ԲՆԱՎՃԱՐՆԵՐ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թվականին կազմակերպությունների կողմից կատարված բնապահպանական եւ բնօգտագործման վճարները կազմել են 1 մլրդ 930 մլն 800 հազար դրամ: Այս գումարից 706 մլն 100 հազար դրամը վճարվել է վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու, արտադրության եւ սպառման թափոնները շրջակա միջավայրում տեղադրելու, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար: Իսկ ահա 1 մլրդ 224 մլն 700 հազար դրամ վճարվել է բնօգտագործման, ջրօգտագործման, պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի եւ աղի արդյունահանված պաշարների, կենսապաշարների օգտագործման համար: