SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 19-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բրյուսով փողոցի 23 հասցեի մոտից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «գոտկային շրջանի դանակահարություն, պոլիտրավմա» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 59-ամյա Կարեն Ղ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Երևանի բնակիչ 50-ամյա Ստեփան Շ․-ն դանակով հարվածել է Կարեն Ղ․-ի ձախ գոտկային հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ստեփան Շ․-ն մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ստեփան Շ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։





























