ԵԼՈՒՅԹԴ ԿՏԱ՞Ս ԿԱՐԴԱՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոչ իշխանական եռյակի առաջնորդները չեն կարողանում համաձայնության գալ հաջորդ հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի շուրջ: Ըստ պայմանավորվածության՝ հաջորդ հանրահավաքին հիմնական ելույթով պետք է հանդես գա հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրա ելույթի հետ կապված մտավախություններ ունեն: Հաշվի առնելով Ր. Հովհաննիսյանի անկանխատեսելի բնույթը՝ առաջնորդներն ուզում են, որ ելույթը եռյակի առաջնորդների մակարդակով համաձայնեցվի: Այս գաղափարը Րաֆֆի Հովհաննիսյանի սրտով չէ, եւ կողմերը դեռեւս չեն կարողանում համաձայնության գալ: Թերեւս դա է պատճառը, որ հաջորդ հանրահավաքի օրը մինչեւ հիմա չի հայտարարվում:
Հ.Գ. Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը պատռեց նախապես գրված ելույթի տեքստի թղթերը՝ հայտարարելով. «Ես ճղում եմ այս երկար-բարակ ելույթի տեքստը եւ անցնում մի երկու խոսքի»:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Ֆրանսուա Օլանդի եռակողմ հանդիպմանը, ասել է, որ այն բոլոր առումներով Հայաստանի համար նպաստավոր է եղել: Ըստ Զաքարյանի՝ ԼՂՀ-ն ինքնուրույն պետք է որոշի իր ճակատագիրը: «Հետեւաբար Ղարաբաղը վաղ թե ուշ պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ եւ իրավասություն ունենա ինքնուրույն քննարկելու փոխզիջումների խնդիրները: ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի»,- շեշտել է Զաքարյանը: ԱԺ պատգամավորը նշել է նաեւ, որ հենց վաղն այդ խնդիրը հնարավոր չէ լուծել, քանի որ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող այդքան արագ ԼՂՀ-ի հարցում դեղատոմս առաջարկել: «Մինսկի խմբի համանախագահների խնդիրն է պահպանել խաղաղությունը եւ բանակցային գործընթացը, ինչը եւ անում են»,-հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավորը:
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, պարզվում է, դեռեւս այս տարվա սկզբին տուգանել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանին: Ու սա առիթ է դարձել պատգամավորի եւ ոստիկանության միջեւ հեռակա հակամարտության, որը դեռ շարունակում է ծավալվել դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2014թ փետրվարի 14-ին ոստիկանությունը Թեւան Պողոսյանի դեմ հայց է ներկայացրել դատարան, որպեսզի նրանից, հօգուտ ՃՈ-ի, բռնագանձվի 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել եւ պահանջում է վերացնել ոստիկանության` իրեն տուգանելու մասին ակտը: Թեւան Պողոսյանն իր դիրքորոշումը հիմնավորում է այն պնդմամբ, որ ոստիկանությունն իրավունք չուներ իրեն տուգանելու եւ դրա համար պետք է ստանար խորհրդարանի համաձայնությունը: Իսկ ոստիկանությունը պնդում է, որ օրենքի առաջ բոլորն են հավասար:
Եկող տարվա բյուջեի նախագծով չնայած նախատեսվում է ավելացնել ուժային կառույցներին հատկացվելիք գումարները, սակայն ծախսերի առանձին ուղղություններում որոշակի կրճատումներ են արվել: Մասնավորապես որոշակիորեն պակասել են ուժայինների աշխատակիցներին հատկացվող բենզինի եւ այլ նյութերի ծախսերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս մոտեցումն ուժայինների միջին մակարդակի պաշտոնյաների շրջանում դժգոհությունների առիթ է դարձել: Բանն այն է, որ նրանց «ձախ եկամուտները» գոյանում են հատկապես հատկացված բենզինի եւ տարբեր այլ նյութերի մի մասն իրացնելու ճանապարհով: Ի դեպ, ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը երեկ խոսելով բյուջեի ծախսերի մասին՝ ուշագրավ հայտարարություն է արել: Պատասխանելով հարցին, թե ՀՀ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո բյուջետային ծախսերը կարո՞ղ են ավելանալ, ասել է. «Պետական բյուջեի նախագիծը մշակվել եւ ներկայացվել է հոկտեմբերի 1-ին, իսկ այն ժամանակ դեռ հաստատված չէր ԵՏՄ-ին անդամակցությունը»: Այսինքն՝ թեեւ գրեթե պաշտոնապես հայտարարվում էր, որ հոկտեմբերի 10-ին ստորագրելու ենք ԵՏՄ-ին միանալու փաստաթուղթը, ՀՀ կառավարությունում անտեղյա՞կ էին:
ԱՌԱՎԵԼ ՇԱՀԱԳՐԳԻՌ
Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը չի հակասում Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին եւ չի չեղարկում այն: Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան` հավելելով. «Ես հակասություն չեմ տեսնում, ես կարծում եմ, որ Արեւելյան գործընկերությունը կմնա այն հիմնական եւ կարեւոր գործիքը, որը Եվրամիությունը կիրառելու է իր արեւելյան հարեւանների հետ հարաբերություններում եւ հույս ունեմ, որ այս սկզբնական հոռետեսությունը, որ կար որոշ փորձագիտական շրջանակներում եւ մամուլում, անհիմն դուրս կգա»:
Հիշեցնենք, որ սա այն եվրոպաշտոնյան է, ով առաջին անգամ հնչեցրեց «կամ-կամ»-ի վերջնագիրը` հայտարարելով, որ Եվրամիության հետ ասոցացման ուղղությամբ որեւէ ծրագրի իրագործում բացառվում է, եթե Հայաստանն այլ ուղղությամբ ինտեգրվելու քայլ կատարի: Հենց Հրիսթեայի առաջադրած վերջնագրից հետո Սերժ Սարգսյանն առաջ քաշեց իր «եւ-եւ»-ի քաղաքականության սկզբունքը, որն ամեն կերպ տորպեդահարվեց ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրն առնվազն Հայաստանում ձախողած եվրոպաշտոնյաների կողմից: Եվ հիմա, երբ գնացքը վաղուց արդեն գնացել է, հայտարարել, թե մեկը մյուսին չի հակասում, մեղմ ասած` անիմաստ զբաղմունք է:
Իրականում դժվար է չնշել, որ հենց Եվրամիությունը, այլ ոչ թե Ռուսաստանն է ավելի շատ մեղավոր այն բանում, որ Հայաստանը վերջնականապես եւ ամբողջությամբ հայտնվեց Ռուսաստանի ազդեցության տակ: ԵՄ-ն ոչ միայն որեւէ ծանրակշիռ աջակցություն չցուցաբերեց Հայաստանին, որն, ի տարբերություն Վրաստանի եւ Մոլդովայի, ուներ բոլորովին այլ աշխարհաքաղաքական կարգավիճակ, այլեւ գործադրեց մաքսիմալ եւ այսօր արդեն վստահ կարելի է պնդել` անհեթեթ ճնշումներ` Հայաստանին մղելով փակուղի:
Մինչդեռ սա այն եզակի դեպքն էր, երբ Սերժ Սարգսյանի արտաքին մենեվրումները կատարվում էին ոսկերչական ճշգրտությամբ եւ ցանկության դեպքում հնարավոր էր գտնել Հայաստանի համար հատուկ լուծումներ, ընդ որում՝ թե՛ ԵՄ հետ ասոցացման եւ թե՛ Մաքսային միությանն անդամակցության մասով: Հիշեցնենք, որ հենց այդ համատեքստում եւ հենց այդ նպատակով էին արվում նաեւ նախկին վարչապետի հայտարարությունները` ՄՄ հետ ընդհանուր սահմանի բացակայության մասին:
Ինչեւէ, այսօր ունենք այն, ինչ ունենք, հուսանք, որ գոնե հիմա Հրիսթեայի այն վստահությունը, թե ԵՄ-ն կգտնի համապատասխան միջոցներ` ՀՀ-ԵՄ գործընկերությունն առաջ տանելու համար, կունենա այլ՝ առավել շահագրգիռ դրսեւորումներ: