ԵՏՄ-ն համեմատեցին երեխա ամուսնացնելու հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության ոլորտի համար 2015 թվականին նախատեսվում է տրամադրել 10 միլիարդ 594 միլիոն 500 դրամ: Այս մասին 2015 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

2015 թվականի պետական բյուջեով հատկացվելիք միջոցներն
ուղղվելու են մի շարք հիմնական ծրագրերի իրականացմանը:

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում հատկացվելու է 1 միլիարդ 188 միլիոն 600 հազար դրամ`  2014 թվականի 1 միլիարդ 136 միլիոն 500 հազար դրամի փոխարեն: «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի համար նախատեսված է 1 միլիարդ 163 միլիոն դրամ:

Իսկ «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի համար կտրամադրվի 1 միլիարդ 829 միլիոն 400 հազար դրամ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը հարց ուղղեց Պավել Սաֆարյանին, թե Հայաստանը անդամագրվում է ԵՏՄ-ին, այդ դեպքում գյուղմթերքի արտահանման համար ի՞նչ ծախսեր են նախատեսվում: Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագիրը դեռ պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից:

«Իրավաբանորեն մենք չենք կարող հետևանքներն արտացոլել բյուջեի ծախսային մասերում: Երբ համաձայնագիրը կհաստատվի, կկատարվեն ուսումասիրություններ, և այս կամ այն ձևով կլինի օրենքի մեջ լրացում, թե կառավարության որոշում, դա անպայման կարտացոլվի»,- ընդգծեց նա:

ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Երբ որ մի ընտանիքում երեխա պետք է ամուսնանցնեն, պահուստային ֆոնդ են նախատեսում: Դուք պահուստային ֆոնդում դա նախատեսե՞լ եք»: Պավել Սաֆարյանը զարմացավ. «Դուք գիտե՞ք` ինչ բան է պահուստային ֆոնդը, դա ֆոնդ է չնախատեսված ծախսերի համար»: ԲՀԿ-ական պատգամավորը նշեց. «Դե անունը ուրիշ բան դրեք»:




Լրահոս