Հաստատվել է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի հետագա աջակցության հայտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի (ԳՀ) դրամաշնորհները հաստատող հանձնաժողովի առաջին նիստում ԳՀ Տեխնիկական գնահատող հանձնաժողովի առաջարկով ընդունվել է 2014թ. օգոստոսի 15-ին Հայաստանի կողմից ներկայացված տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցության հաջորդ եռամյա դրամաշնորհային նոր հայտը` ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար արժեքով:

ՀՀ առողջապահության նախարար, տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ պայքարի ազգային ծրագրերի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Արմեն Մուրադյանին այդ մասին պաշտոնապես տեղեկացրել է ԳՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Նիկոլա Կանտաուն:

ԳՀ տեխնիկական հանձնաժողովի գնահատմամբ` Հայաստանի կողմից ներկայացված դրամաշնորհային հայտն ամբողջովին համապատասխանում է փաստաթղթի մշակման մասնագիտական պահանջներին, ինչպես նաև միանգամայն համահունչ է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ռազմավարական ուղղություններին և առաջնահերթություններին: Դրամաշնորհային միջոցների հատկացման գործընթացում հաշվի է առնվել նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայումս իրականացվող Գլոբալ հիմանդրամի դրամաշնորհային ծրագրերի գերազանց գնահատականները:

Դրամաշնորհային ծրագիրը կիրականացվի 2015թ. հուլիսի 1-ից 2018թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում` ուղղված տուբերկուլոզի և դեղակայուն տուբերկուլոզի բոլոր ձևերի ախտորոշման համատարած մատչելիության ապահովմանը, հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղերի անխափան մատակարարմանը` սոցիալական աջակցության տրամադրման հետ մեկտեղ, բանտարկյալների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում տուբերկուլոզի կանխարգելմանը, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և առողջապահության համակարգի ներուժի հետագա ամրապնդմանը, հանրության և իրազեկման արդյունավետ միջոցառումների իրականացմանը, հիվանդին ուղղված` արտահիվանդանոցային բուժման նոր մեթոդների ներդրմանը քաղաքացիական հասարակության և համայնքների ակտիվ ներգրավմամբ:

Նշենք, որ ընթացիկ ծրագրում առկա խնայողությունների հաշվին Գլոբալ հիմնադրամի կողմից ծրագիրը 6 ամսով (2015թ. հունվար-հունիս) երկարաձգվել է` մինչև նոր դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը հիվանդների բուժման, սոցիալական աջակցության և ախտորոշման գործընթացների անընդհատության ապահովման նպատակով:




Լրահոս