Հարազատ մարզին Հովիկ Աբրահամյանն ավելի՞ շատ գումար է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2007թ.-ից հետո հարյուր հազարով պակասել է աշակերտների թիվը: Ազգային ժողովում նման հայտարարություն արեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և շարունակեց:

«Սննդի հատկացման և դասագրքերի տրամադրում սոցիալապես անապահով ընտանիքներին. ամենաշատը հատկացվում է Արարատի մարզին, այն դեպքում, երբ Արարատի մարզը աշակերտների թվով յոթերորդ տեղում է: Ինչո՞ւ Արարատի մարզում սոցիալապես անապահով ընտանիքներին դասագրքերով և սննդով ապահովելու համար հատկացվելու է տասուկես միլիոն դրամ, որը տասը մարզերում առաջինն է: Հովիկ Աբրահամյանի գործոնը այստեղ կա, թե ոչ: Սնունդ ստանալու է երեք մարզ, որից մեկը Արարատի մարզն է, որի սննդի համար 330 միլիոն դրամ է հատկացվելու, երբ մնացած բոլոր մարզերին միասին 250 միլիոն դրամ է հատկացվելու, սա ի՞նչ քաղաքականության արդյունք է», – նշեց նա:

Նա ցանկացավ իմանալ, թե հավասարաչա՞փ է բաշխված կրթության և հանրակրթության գումարները ըստ մարզերի:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ունի՝ հավասարաչափ ասելով: Արամ Մանուկյանը հայտարարեց .«Հեգնանք չլինի, իմ ասածը կոնկրետ թվեր են: Պարոն փոխնախարար, հստակ խոսում եմ հանրակրթության մասին, դասագրքերի փոխհատուցում առաջին տեղում, կրկնում եմ, Արարատի մարզն է, որը սոցիալապես ամենաանապահովը չէ: Դպրոցահասակ երեխաներին սննդով ապահովման հարցը, 580 միլիոն դրամ հատկացել է հանրակրթական դպրոցներին սննդի համար, որից 330 միլիոն դրամը միայն Արարատի մարզին է: Այս ծրագիրը անցյալ տարի չի եղել, բոլոր մնացած մարզերը 290 միլիոն են, Արարատը 330, քանի որ այս տարի է եղել, Հովիկ Աբրահամյանի գործոնը կա՞,  թե՞ ոչ»: Պավել Սաֆրայանը նշեց, որ չկա այդ գործոնը:




Լրահոս