ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ` ԸՆԴԴԵՄ ՄԵԿ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ լրագրողներին ասել է, որ կառավարությունում քննարկվում է արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ ոստիկանությունը միավորելու ու ներքին գործերի նախարարություն ստեղծելու հարցը: Դա, ըստ Աբրահամյանի, գործադիրում իրականացվելիք բարեփոխումների շարքից է: Այն մասին, որ ՀՀ ոստիկանությունը կարող է վերստին նախարարություն դառնալ, վաղուց էր հայտնի, եւ այստեղ նորություն չկա: Սակայն այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ, ըստ էության, հանդիսանում է ներիշխանական, ավելի կոնկրետ՝ վարչապետի եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ոչ ջերմ հարաբերությունների հերթական դրսեւորումը: Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին բոլոր ոստիկանապետերն էլ փորձել են լուծել ոստիկանությունը նախարարություն դարձնելու խնդիրը: Վլադիմիր Գասպարյանն էլ այս տեսանկյունից չի տարբերվում, նրա ենթականերն իրեն հենց «պարոն նախարար»-ով էլ դիմում են: Եվ Հովիկ Աբրահամյանի «բացահայտման» անուղղակի հասցեատերը հենց Վլադիմիր Գասպարյանն է: Այլ կերպ ասած՝ վարչապետը նրան հեռակա կարգով հասկացնում է, որ ծրագիրը կա, սակայն այն դեռ իրականություն չի դառնա, որպեսզի Վլադիմիր Գասպարյանի` ՆԳ նախարար դառնալու ցանկությունը չբավարարվի:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի եւ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովի գիտությամբ լուծարվել է խորհրդարանի ԱՊՀ բաժինը: Արդեն տեւական ժամանակ է, ինչ ԱԺ-ն նման բաժին չունի, մյուս կողմից էլ ընթացքի մեջ է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից պարզել, թե ինչու է որոշվել լուծարել խորհրդարանի ԱՊՀ բաժինը: Սակայն պարզվեց՝ Աժ նախագահն այդ փոփոխության մասին որեւէ տեղեկություն չուներ: «Ո՞ր բաժինը, Ազգային ժողովում ի՞նչ ԱՊՀ բաժին… Չեմ կարծում, որ ինչ-որ բաժին է փակվում, եթե բաժին փակվեր, անպայման իմ մակագրությունը կլիներ»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը: Բացառված չէ, որ համապատասխան փաստաթղթի վրա Գալուստ Սահակյանի ստորագրությունը դրված է, բայց միեւնույն ժամանակ նա փաստաթղթի բովանդակության մասին տեղյակ չէ:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով վերջերս մեկնել էր ԱՄՆ` Տավթի համալսարանի Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին, անցած ապրիլի 26-ին մասնակցել է «օրենքով գող» Արմենակ Ղազարյանի` «Պզո»-ի ծննդյան տարեդարձի արարողությանը: Երեկ «Ժողովուրդ»-ը Զարուհի Փոստանջյանից փորձեց ճշտել, թե այդ տեղեկությունը որքանով է համապատասխանում իրականությանը: «Ես ցանկություն չունեմ այդ տեղեկությունը մեկնաբանել, դա բամբասանք է, որը մեկնաբանման առարկա չէ»,- պատասխանեց Փոստանջյանը: Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանը «Պզոյին» 2010-ին դատապարտել է 37-ամսյա ազատազրկման: Սկզբում նրան սպառնում էր 64 տարվա ազատազրկում, սակայն հետագայում, երբ նա ընդունել էր մեղքը, մեղադրողը նրա համար շատ ավելի մեղմ պատիժ էր պահանջել:

 

 

 

Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է թանկարժեք աղբամանների հերթական խմբաքանակը ձեռք բերել: Վերջին տարիներին մայրաքաղաքի փողոցներում տեղադրվող աղբամանների համար քաղաքապետարանը վճարում է աստղաբաշխական գին` հատը 78 հազար դրամ: Նոյեմբերի 6-ին Երեւանի քաղաքապետարանը մրցութային հայտարարություն է հրապարակել` աղբամաններ ձեռք բերելու նպատակով: Պահանջվող աղբամանի նկարագրությունում գրված է. «Վերեւի մասում ամբողջ շրջանակով տեղադրված թուջե ձուլվածք՝ 100 մմ, 12 հատ՝ պատկերված հայկական զարդանախշով»: Սա հենց այն պայմանն է, որը բոլոր տեսակի մասնակիցներին բացառում է եւ թողնում միայն մեկին` նույն «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվին: Այսինքն՝ կասկածից վեր է, որ այս անգամ եւս մայրաքաղաքի բյուջեից մի կլորիկ գումար կծախսեն՝ մի քանի աղբաման տեղադրելու համար: Ի դեպ, Երեւանի թանկարժեք նստարանները` հատը 165 հազար դրամով, նույն կոոպերատիվն է պատրաստում:

 

 
ՀԱՐԿ ՉԵՆ ՀԱՄԱՐԵԼ

Նախօրեին Իսպանիայի ինքնավար մարզ Նավարայի խորհրդարանը հանդես էր եկել Լեռնային Ղարաբաղի հետ կապված մի հայտարարությամբ, որով կոչ էր արվում ԼՂՀ-ն դարձնել բանակցային կողմ` ընդգծելով, որ ԼՂՀ մասնակցությունն իր ապագայի համար վճռորոշ նշանակություն ունեցող ցանկացած բանակցության պետք է դիտվի պարտադիր պայման: Բնականաբար, այս հայտարարությունը որեւէ լուրջ նշանակություն չի կարող ունենալ, բացի այն, որ եւս մեկ անգամ ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին եւ խնդրով շահագրգիռ այլ միջազգային կազմակերպություններին կհիշեցվի, որ Ղարաբաղը բանակցային կողմ չէ, ինչը սխալ է, եւ առանց որի դժվար է պատկերացնել հակամարտության կարգավորման հարցում իրական առաջընթացը:
Լեռնային Ղարաբաղի` բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցը, կարծես թե, Սերժ Սարգսյանի` արտաքին քաղաքական հարցերում իր նախորդից` Ռոբերտ Քոչարյանից (ում մեղքով էլ հենց ԼՂՀ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից) ունեցած ամենամեծ տարբերություններից մեկն էր: Սակայն ԼՂՀ-ի վերադարձը կյանքի կոչելու հարցում Սերժ Սարգսյանն առանձնապես հետեւողականություն չցուցաբերեց, եւ, ըստ ամենայնի, ոչ միայն բավարար լծակներ չունենալու պատճառով:
Երեկ Հայաստանի Աժ-ում գտնվող ԼՂՀ խոսնակն այս կապակցությամբ ուշագրավ հայտարարություն է արել: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու ԼՂՀ-ն չի հայտարարում, որ այսուհետ Հայաստանը չպետք է ներկայացնի Ղարաբաղի շահերը բանակցային սեղանի շուրջ, Աշոտ Ղուլյանն ասել է. «Հակառակ բանը կլինի. Ղարաբաղը մենակ է մնալու բանակցային գործընթացում: Մենք խոսում ենք բանակցային ֆորմատի մասին: Մենք ի սկզբանե գիտենք, որ կոնֆլիկտն ունի երեք կողմ` Հայաստան,Ադրբեջան եւ Ղարաբաղ»: Սա ուշագրավ է նրանով, որ ի սկզբանե հայկական դիվանագիտությունն անում էր ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղի հակամարտությունը դիտարկվեր ոչ թե որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ, այլ բացառապես Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն: Թե ինչպես դրա ընկալումները միջազգային հանրության կողմից փոխվեցին, արդեն իսկ անցած եւ հայտնի իրողություն է, սակայն այն, որ կոնֆլիկտը Հայաստան-Ադրբեջան տիրույթում է ամրագրում նաեւ ԼՂՀ Աժ նախագահը, դա արդեն հարցերի տեղիք է տալիս:
Թեեւ, դատելով նույն Ա. Ղուլյանի պատասխանից` կապված Նազարբաեւի` հոկտեմբերի 10-ին հիշատակած փոխզիջման հետ, ակնհայտ է դառնում, որ Ղուլյանն ընդամենն ամրագրել է իրերի ներկայիս դրությունը, որտեղ Ղարաբաղի դիրքորոշումն առանձնապես չի կարեւորվում ՀՀ իշխանությունների կողմից: Այլապես ԼՂՀ Աժ խոսնակը հրապարակավ չէր ասի, որ Նազարբաեւի հայտարարած փոխհամաձայնության մասին ինքը տեղյակ է նույնքան, որքան հարցը տված լրագրողը:

 

 




Լրահոս