Կոմիտասի պողոտայի ավտովթարի զոհերը ամուսիններ էին, որոնք իրենց խնամքին ունեին 3 անչափահաս երեխաներ (լուսանկարներ, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհա  տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  armlur.am -ին հայտնել է, որ նշված քրեական գործը հարուցվել է երեկ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ։ Ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանի Կոմիտաս 61 հասցեի մոտ՝ Յունիբանկի դիմաց, իրար էին բախվել Յամահա մակնիշի 1349 APA համարանիշի մոտոցիկլետն ու Նիսան Մաքսիմա մակնիշի 15 TT 007 համարանիշի ավտոմեքենան։ Բախման հետևանքով մոտոցիկլետը շրջվել էր, իսկ մոտոցիկլետի վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներ էին ստացել։
Մոտոցիկլետի ուղևորուհին, ինչպես նաև Նիսան Մաքսիմայի վարորդն ու ուղևորը տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ մոտոցիկլետավորը տեղում մահացել էր։ Ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր նաև մոտոցիկլետի ուղևորուհին։ Գ. Շամշյանը հայտնել է, որ պարզվել է, որ մահացածները եղել են ամուսիններ՝ Գևորգ Թումանյանը և Մարիաննա Խաչատրյանը։ Նրանք իրենց խնամքին ունեցել են 3 անչափահաս երեխաներ՝ 2 և 7 տարեկան տղաներ և 4 տարեկան աղջիկ։ Նիսան Մաքսիման վարել էր 42-ամյա Արմենակ Ավագյանը: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս