Սփյուռքը փորձում է պատասխանել օրեցօր ակտիվացող թուրքական լոբբիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, այնքան ավելի ակտիվանում են Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ջանքերը Հայաստանի և Սփյուռքի կառույցների աշխատանքն ԱՄՆ-ում տապալելու ուղղությամբ: Չնայած այս հանգամանքին՝ ԱՄՆ-ի հայկական կառույցներն ու դեսպանությունը մարտական են տրամադրված և նրանց հաջողվում է հաղթահարել այդ սադրանքները:

Մասնավորապես, վերջերս Վաշինգտոն են սկսել գործուղվել Անկարայի ամենաազդեցիկ դիվանագետները, այդ թվում՝ Ալթայ Սենգիզերը, ով թուրքական դիվանագիտության քաղաքական պլանավորման գլխավոր պատասխանատուն է: Ակտիվորեն Վաշինգտոն են այցելում նաև հատուկ բանագնացներ, ինչպես Ֆերիդուն Սինիրիլիօղլուն, ինչպես նաև՝ մի շարք թուրք բիզնեսմեններ: Ակտիվացել է նաև թուրք-ամերիկյան խորհուրդը, որը մի կողմ դնելով իր հիմնական՝ տնտեսական գործունեությունը՝ սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում հայկական միջոցառումները տապալելով:

Ակնհայտ է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բավականին ծանր կացության մեջ է հայտնվել: Նախ՝ ակտիվ գործունեություն է ծավալվել Վաշինգտոնում ՀՀ դեսպանության և ամերիկահայ լոբբիստական կառույցների միջև: Երկրորդ՝ Էրդողանի հակաիսրայելական հայտարարությունները զայրացրել են ամերիկա-իսրայելական լոբբիստական կազմակերպություններին, որոնք ԱՄՆ-ի ամենաուժեղ լոբբիստական կազմակերպություններն ունեն և որևէ կերպ չեն օժանդակում Էրդողանի վարչակազմին: Այս հակասությունից, կարծես թե, բավականին ակտիվ փորձում են օգտվել թե՛ հայկական կազմակերպությունները և թե՛ ՀՀ դեսպանությունը:

Վերջերս դեսպանությունը նախաձեռնել է բավականին հետաքրքիր պրակտիկա: Աշխատանք է իրականացվում տարբեր նահանգներում ՀՀ պատվավոր հյուպատոսություններ ստեղծելու նպատակով: Այս ծրագրի դրական կողմն այն է, որ կոնկրետ նահանգում մեծ ազդեցություն ունեցող ազգությամբ հայ գործչին, դեսպանության միջնորդությամբ, հասարակական հիմունքներով նշանակում են պատվավոր հյուպատոս, և վերջինս ակտիվ լծվում է համապատասխան նահանգում Հայաստանի շահերը ներկայացնելուն: Ծրագրի գլխավոր բաղկացուցիչն այն է, որ գործունեության համար ֆինանսական միջոցներ Հայաստանի պետական բյուջեն չի ծախսում:

Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև ակադեմիական շրջանակներում՝ համալսարաններում, որտեղ տեղի հայ ուսանողների՝ այդ թվում «Լույս» հիմնադրամի շահառուների օգնությամբ կազմակերպվում են սեմինարներ, կինոդիտումներ և այլ միջոցառումներ:

Թե արդյոք հնարավոր կլինի Օբամային համոզել այս տարի արտասանել ցեղասպանություն բառը թե ոչ, դժվար է կանխատեսել: Սակայն այն լայնածավալ համատեղ աշխատանքը, որ հայկական կազմակերպությունները, ամերիկահայերը և ՀՀ դեսպանությունը Վաշինգտոնում իրականացնում են, ամրապնդելու է Հայաստանի դիրքերը աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկում:




Լրահոս