Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մեկնարկեց «Վերնիսաժի» գործով դատավարությունը:
Դատական նիստը սկսվեց ուշացումով, քանի որ ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի համար կանչվել էր շտապօգնություն:
Նշանակված դահլիճից ավելի մեծ դահլիճում մեկնարկած դատավարությանը նախագահողը հայտնեց, որ նիստին տուժողները չեն ներկայացել, և մեղադրող դատախազը միջնորդեց հետաձգել նիստը, իսկ պատշաճ ծանուցում ստացած, սակայն դատարան չներկայացած տուժողի նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացնել: Նախագահողը, լսելով կողմերի կարծիքները, բավարարեց միջնորդությունը, և նիստը հետաձգվեց: Հաջորդը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին:
Նշենք, որ այն ընթացքում, երբ դատավորը նիստը հետաձգելու որոշում էր կայացնում, ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանն ընդհատեց` ասելով, թե կարևոր միջնորդություն ունի անելու: Դատավոր Գագիկ Պողոսյանը, նկատողություն անելով պաշտպանին, շարունակեց հրապարակել որոշումը:
Այդուհանդերձ, պաշտպանը հայտարարեց. «Իմ պաշտպանյալին պետք է վիրահատեն: Տուժողների ներկայանալն ավելի՞ կարևոր է, քան պաշտպանյալիս առողջությունը»: Սրան ի պատասխան դատարանը նկատեց, որ վիրահատության հարցերը կլուծի քրեակատարողական հիմնարկը: