Կոնդի բնակչուհի 35-ամյա Լիլիթ Չուխոյանը վերջին մի քանի ամսվա ընթացքում չորրորդ անգամ է տեղափոխվում վարձով բնակարան: Նա իր երեք անչափահաս երեխաների հետ դռնեդուռ է ընկել, քանի որ նրանց բնակարանը քանդել ու տեղը էլիտար շենք են կառուցում:
Հիշեցնենք, որ 2007-ին կառավարության որոշմամբ Լեոյից մինչեւ Դեմիրճյան փողոց ընկած հատվածն իրացվել է «Դաուն թաուն» կազմակերպության կողմից: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու ամբողջ տարածքը` 26.000 քմ, որտեղ բնակվել է 215 ընտանիք, քանդել են: Տեղի բնակիչները շուրջ 4 տարի է՝ վարձով են ապրում այս ու այն թաղամասերում: Իսկ Կոնդի մյուս հատվածում` Ռուսթավելու 1 հասցեում, բնակվում է 89 ընտանիք, որոնց տները դեռ չեն քանդել:
«Սա արդեն երրորդ տունն է, որ փոխում ենք: Մի քանի օրից էստեղից էլ պետք է գնանք: Իսկ տուն դեռ չենք գտել: 60 հազար դրամով հնարավոր չէ հարմար բնակարան գտնել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր առօրյան այսպես ներկայացրեց Լիլիթը՝ մանրամասնելով, որ անցյալ տարի մի տուն են վարձել ավելի էժան գնով, բայց ամեն գիշեր վախով են քնել, որովհետեւ կարիճներ ու առնետներ են եղել. «Մի գիշեր էրեխու բարձր ձայնից արթնացա: Կարիճն արդեն հասցրել էր կծել տղայիս: Նման օրեր էլ ենք ապրել»: Յուրաքանչյուր անգամ տեղափոխվելու ժամանակ կահույքից մի մաս կոտրվում է. «Աստված չանի, որ մեկը մեր օրն ընկնի»:
Լիլիթը չի կարող աշխատել, քանի որ զբաղվում է երեխաների դաստիարակությամբ, միայն ամուսինն է աշխատում: «Ամեն անգամ տնից տուն տեղափոխվելը էրեխեքս շատ ծանր են տանում: Մենք էլ հնարել ենք, թե մենք տուն ունենք, բայց դեռ չեն վերանորոգել»,-դողդոջուն ձայնով ասաց նա: Այժմ նրանք ապրում են Կոնդի մոտ գտնվող շենքերից մեկում եւ չեն ցանկանում հեռանալ այդտեղից, որովհետեւ չեն ուզում երեխաներին դպրոցից դպրոց տեղափոխել: «Այս չորս տարվա մեջ երկու անգամ արդեն դպրոց ենք փոխել: Բարեբախտաբար, երեխաներս լավ են սովորում, այդ պատճառով կարողանում են համակերպվել»,-վրդովված պատմեց մեր զրուցակիցը:
Հիմա Լիլիթի երկու տղաները զբաղվում են ըմբշամարտով, մրցումների են մասնակցում, հաղթանակներ են ունենում, բայց… «Այսօր ես չեմ հասցնում այդ հարցերով զբաղվել, մի հատ համազգեստ գնելն արդեն փող է: Իսկ աղջիկս` Անին, պարի էր գնում, գումարի պատճառով դուրս մնաց: Երեք ամսվա ընթացքում առաջին խմբից տեղափոխեցին երրորդ խումբ, որովհետեւ ընդունակ է»,-ցավով նշեց Լիլիթը: «Ես երեք տարեկանից սկսել եմ պարել: Հնդկական պարեր եմ սովորել: Որոշել եմ պարուհի դառնալ»,-«Ժողովուրդ»-ին պատմեց 7-ամյա Անին:
Ներկայացնելով իրենց տնազուրկ դառնալու պատմությունը՝ Լիլիթը նկատեց, որ տարածքները չափագրելու ժամանակ իրենց խաբել են. «Ունեինք ավտոտնակ, հողատարածք` պտղատու ծառերով: Բայց դրա փոխարեն տվեցին 50 քմ տարածք»: Նա հիշեց, որ տները քանդելու ժամանակ շատ մարդիկ մահացան. «Իմ հորեղբայրն անընդհատ ասում էր` իմ ձեռքով սարքած տանից ինչո՞ւ դուրս հանեցին: Ու այդպես մահացավ: Իսկ ամուսնուս հորաքույրը մինչեւ վերջին վայրկյանը դուրս չէր գալիս տանից: Նույնիսկ բանվորները ծաղրում էին՝ ասելով, թե Սոնա տատիկն իր կղզուց դուրս չի գա: Մեծահասակ կոնդեցիների համար շատ դժվար էր, դրա համար էլ չդիմացան»:
Կոնդեցիները երկու անգամ հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ: Մեկը խորհրդարանական ընտրություններից առաջ, իսկ մյուսը` հետո: Երկուսի դեպքում էլ նա խոստացել է, որ կլուծի այդ հարցը եւ ընդգծել, որ «անձամբ է զբաղվում»: Սակայն ամեն ինչ դեռ նույնն է` առանց փոփոխության:
Լիլիթը եւ իր նման մյուս կոնդեցիները չեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին կամ դիտմամբ անվավեր արել քվեաթերթիկը: Իսկ նախագահական ընտրություններին նա կմասնակցի այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը կլուծի իրենց բնակարանների հարցը. «Տասը մատներով կընտրեմ: Միայն թող իմ էրեխեքին փողոցում չթողնի»:
ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՌՆԵՏՆԵՐԻ ՈՒ ԿԱՐԻՃՆԵՐԻ ՀԵՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ