Ինչպես երեւում է, «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը կրկին հայտնվել է աղմկալի պատմության կիզակետում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մարտի 28-ին Խաչիկ Խաչատրյանը Ջրարբի գյուղում գտնվող «Արաքս» թռչնաֆաբրիկայում, իր անվտանգության աշխատակցի հետ ծեծի է ենթարկել գործարանի աշխատակիցներից մեկին:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նշված օրը գործարանի տարածքում բարձր տոնայնությամբ զրույց է տեղի ունեցել Խաչիկ Խաչատրյանի եւ իր աշխատակիցներից մեկի միջեւ, որը շատ չանցած վերածվել է ծեծի: Ըստ մեզ հասած լուրերի՝ Խաչիկ Խաչատրյանն իր թիկնազորի պետ՝ Հունանի հետ հենց գործարանի տարածքում ծեծի է ենթարկել սառնարանի մասնագետ Վյաչեսլավին: Թե ինչն է եղել ծեծի պատճառը եւ ինչն է այդ աստիճան զայրացրել Խաչատրյանին կամ, ընդհանրապես, արդյոք ծեծի վերաբերյալ մեր ստացած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանից:
Ըստ տնօրենի՝ նման բան չի եղել, անհեթեթություն է. «Ո՞նց կարող ենք մենք մեզ նման բան թույլ տալ»,- վստահեցրեց Ցոլակ Մազմանյանը՝ հաստատելով, որ «X գրուպ» ընկերության անվտանգության ղեկավարն իսկապես Հունանն է, բայց նա Խաչատրյանի հետ մարդ չի ծեծել: «Հունանը չէր կարող նման բաների մասնակից լինել: Կրկնում եմ՝ առաջինը ձեզանից լսեցի: Եթե նման բան լիներ, առաջինը ես կիմանայի: Հիմա, որ ինչ-որ մեկն աշխատավարձից դժգոհ լինի, կամ չգիտեմ իր ակնկալիքներն այն չլինեն ու գնա այդպիսի լուրեր տարածի, ուրեմն դա ճի՞շտ է»:
Հարցին՝ Վյաչեսլավ անունով սառնարանի մասնագետ էլ չունե՞ք, Ցոլակ Մազմանյանը դժվարացավ պատասխանել. «Ես մեր բոլոր սառնարանների մասնագետներին չեմ ճանաչում, չեմ հիշում»:
Հիշեցնենք, որ սա միակ աղմկալի դեպքը չէ, որ արձանագրվել է «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի շուրջ:
2014թ. փետրվարի 21-ին «Հրապարակ»-ը գրել էր, որ «Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիայի: Պատճառը աշխատավարձերից արվող պահումները եւ անհիմն ազատումներն են: «Բավական է մի 2 հատ ձու վերցնենք, որ սոված չգանք աշխատանքի, գողություն են համարում ու աշխատանքից ազատում»,-բողոքել էին աշխատակիցները՝ ասելով, թե ստացած աշխատավարձերը երբեմն կիսով չափ պահումների են ենթարկվում:
2013 հունիսի 13-ին էլ տեղեկություն տարածվեց, որ գործարանի աշխատակիցները 50 հազար ԱՄՆ դոլարի հավկիթ են գողացել գործարանից, ինչի համար Խաչատրյանի ղեկավարած հիմնարկությունը դիմել էր իրավապահներին:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի ոչ այնքան ցանկալի հարցին նույն Խաչիկ Խաչատրյանն ի պատասխան վիրավորել էր, հայհոյել՝ ասելով «պրաստիտուտկա» եւ մի բան էլ պատվի, արժանապատվություն վերականգնելու համար դիմել էր դատարան՝ 6, 5 միլիոն դրամ պահանջելով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը կարողացավ դատարանում ապացուցել, որ 2012թ. դեկտեմբերի 11-ի գրված հոդվածը, թե «X գրուպ»-ի նախագահ, Խաչիկ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում, միանգամայն ճիշտ էր: Եվ «Ձվերի Խաչիկ»-ը պարտվեց դատարանում:
ԻնչեւԷ, վերադառնանք վերջին աղմկահարույց դեպքին: «Ժողովուրդ»-ը փորձեց պաշտոնական աղբյուրներից պարզել՝ արդյոք Խաչատրյանն իր անվտանգության պետի հետ մարդ է ծեծե՞լ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ նման ծեծի գործով ոստիկանության Էջմիածնի բաժնում քննություն է ընթանում:
Իհարկե, հասկանալի է, որ իրավապահների համար էլ դժվար կլինի գործը գլուխ բերել, քանի որ Խաչիկ Խաչատրյանը խոշոր գործարար է եւ դժվար կլինի նրան քրեական գործի մեջ վկայից բացի այլ կարգավիճակով ներգրավել: Եվ չի բացառվում, որ այս ծեծի գործն էլ լինի այն հերթական գործերից մեկը, որտեղ «շեֆի» փոխարեն պատասխանատվության են ենթարկվում ենթակաները. այս դեպքում «Ձվերի Խաչիկ»-ի փոխարեն չի բացառվում պատիժ կրեն նրա անվտանգության պետը կամ շարքային աշխատակիցը:
Ի՞ՆՉ ՊԱՐԶ ԴԱՐՁԱՎ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեկ Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցի քննության ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիմնավոր չկարողացան պատասխանել ՍԴ նախագահի հարցերին: Ըստ էության, նշված պաշտոնյաները խնդրին լավ չեն տիրապետում:
Նախ՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը սկզբում հորդորեց ներկաներին իրեն հուզող հարցերին պատասխանել առավել կոնկրետ եւ հստակ, սակայն ե՛ւ ԿԲ նախագահի տեղակալը, ե՛ւ սոցապ նախարարը խոսքը կտուրը գցելով, ինչ-որ «լոլոներ» էին պատմում, ինչը Գագիկ Հարությունյանին ստիպեց մի քանի անգամ կրկնել հարցը եւ ակնկալել առավել կոնկրետ պատասխան:
Օրինակ՝ ՍԴ նախագահը ԿԲ ներկայացուցչից հետքրքրվեց. «Դուք բավականին ոգեւորված եք Չիլիի օրինակով եւ հաճախ էիք անդրադառնում դրան: Ես ուսումնասիրեցի Չիլիի օրինակը եւ պարզվեց, որ 1981-ին ներդրված մոդելը, որը դուք վկայակոչում եք, 2008-ին փոփոխությունների է ենթարկվել, որովհետեւ հիմնական խնդիրը չի լուծել: Մեր ուսումնասիրած 50 երկրներից բոլորն էլ փոփոխություններ են արել այդ համակարգում, այս առումով ձեր գնահատականներն ի՞նչ են հուշում»:
Ի պատասխան, էկոնոմիկայի նախկին նախարար Ն. Երիցյանն ասաց. «Չիլիի օրինակը համարվում է կուտակայինի դասական հիմքը»: Ավելին, ըստ նրա՝ Հայաստանը նաեւ Էստոնիայի օրինակից է օգտվել, սական ՍԴ նախագահն ընդհատեց նրան՝ խնդրելով հարցին հակիրճ եւ կոնկրետ պատասխան տալ, ինչից հետո ԿԲ ներկայացուցիչն ասաց, որ Չիլիից հայկական կողմը դասեր է վերցրել՝ մասնավորապես «առաջին դասն այն է, որ այդ երկիրը չուներ նվազագույն սոցիալական բուֆեր, մարդիկ, ովքեր ընդհատումներով են աշխատել, չունեին բազային կենսաթոշակ, մեր պարագայում կա բազային կենսաթոշակ: Ձեր վկայակոչած տվյալներն ազգային մակարդակի տվյալներ են»:
ԿԲ ներկայացուցչի այս պատասխանին չուշացավ ՍԴ նախագահի հակափաստարկը, որը սառը ջուր լցրեց Երիցյանի «գլխին»: Գագիկ Հարությունյանը նախ ընդհատեց Երիցյանին եւ ասաց, թե իր ձեռքի տակ եղած տվյալներն ազգային տվյալներ չեն, այլ այդ երկրում համակարգի վերջին ամսվա միջազգային տվյալներն են:
Ինչեւէ, հերթը հասավ նաեւ դիվան բաշուն: Սոցապնախարար Արտեմ Ասատրյանի հարցուպատասխանի ժամանակ «սոցիալական ապահովություն» եւ «սոցիալական ապահովագրություն» տերմնինները շփոթ առաջացրին ՍԴ-ում: Գագիկ Հարությունյանը Արտեմ Ասատրյանից երկար ժամանակ փորձում էր պարզել, թե ինչու ՀՀ-ում վերացվեց սոցիալական ապահովագրությունը: Նախարարը պատասխանեց, թե սոցիալական ապահովագրության համակարգ չունեցանք մի քանի պատճառներով: Ու մինչ նախարարը «կերգեր իր երգը»՝ փորձելով համոզել, թե ինչու չունեցանք, ՍԴ նախագահի նյարդերը տեղի տվեցին եւ նա ասաց. «Չխորանանք այլեւս, ինձ համար պարզ է»: Իսկ թե ինչ պարզ դարձավ ՍԴ նախագահին, նախարարի կցկտուր պատասխաններից, թերեւս, գաղտնիք չի մնա նաեւ հանրությանը:
Գագիկ Հարությունյանին անհասկանալի մնաց նաեւ այն, թե ինչու է մեր երկրում գործատուն, լինելով սոցիակալան խնդիրների լուծման ամենաակտիվ մասնակիցներից մեկը, դուրս մղվել համակարգից եւ միայն փոխանցողի դեր է կատարում: Այս խնդիրը եւս ՍԴ նախագահի եւ նախարարի չհասկացվածությանը հանգեցրեց՝ դարձյալ «ռաունդում» պարտվեց նախարար Ասատրյանը:
Այսպիսով, ՍԴ-ում վիճահարույց օրինագծի շուրջ քննարկումներն ավարտվեցին, դատավորները մտել են խորհրդակցական սենյակ: Թե երբ դուրս կգան ու վճիռ կհրապարակեն, լրացուցիչ կհայտնենք:
Նյութերը` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԲԼԹ
«Այն անձը, ով դիմում է ԶԼՄ-ի դեմ դատարան, այդ անձը թող ինքն ապացուցի, թե ինչու է ինքը դիմում ոչ թե ԶԼՄ-ի, այլ վիրավորանք ու զրպարտություն կատարած անձի դեմ»։
Արփինե Հովհաննիսյան Hraparak.am
ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավորի համար, փաստորեն, ԱԺ-ն դարձել է անձնական խնդիրներ լուծելու տեղ. եթե ժամանակին ինչ-որ անհայտ ծագման կայքեր իր հասցեին վիրավորանքներ էին հրապարակել, դա չի նշանակում, որ Արփինե Հովհաննիսյանն անպայման պետք է ընդհանրացնի խնդիրը, որպեսզի արդյունքում այն կոտրվի իրական լրատվամիջոցների գլխին, եւ դա արվի ֆեյքերի մասին իր օրինագծով, որն ընդամենը լրացուցիչ գլխացավանք է ստեղծելու ողջ լրատվական դաշտի համար: Այդ պատճառով էլ օրինագիծը դաշտի կողմից դրական չընդունվեց։ Եվ ընդհանրապես, երկրում շատ ավելի կարեւոր խնդիրներ կան լուծելու։
«Բոլոր բուհերը պարտավոր են ունենալ կարիերայի կենտրոններ, որտեղ գործատուները պետք է ներկայացնեն թափուր աշխատատեղերը: Բուհերի մեծ մասում այդ կենտրոնները գործում են, սակայն կրում են ձեւական բնույթ»։
Արմեն Աշոտյան Yerkir.am
Եթե ԿԳ նախարարն ինքն էլ շատ լավ գիտի, որ եղած կարիերայի կենտրոններն էլ ձեւական բնույթ են կրում, ապա ի՞նչ իմաստ ունի հանդես գալ հերթական անպտուղ առաջարկությամբ, թե՞ բյուջեի փողերն այնքան շատ են, որ չգիտեն՝ որտեղ ծախսեն: Պարզագույն տրամաբանություն է պետք՝ հասկանալու, որ Հայաստանում նմանատիպ կառույցները կարող են ծառայել միայն բյուջեից գումար կորզելու նպատակով, իսկ թե ինչպես են մարդիկ աշխատանք գտնում եւ աշխատանքի ընդունվում տոհմատիրական այս երկրում՝ բոլորս էլ գիտենք. բավական է ընդամենը լինել ինչ-որ մեկի ընտանիքի անդամը, ազգականը, խնամին կամ սանիկը:
«Ես, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ, որ ԱԳՆ-ի որեւէ ներկայացուցչի շուրթերից նման պատասխան չի հնչել»։
Շավարշ Քոչարյան Yerkir.am
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը նկատի ունի ՄԱԿ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության բանաձեւին ձեռնպահ քվեարկելու որոշման մասին լուրերը, որը եղել է իբրեւ թե մարտի 26-ին։ Այդ մասին մարտի 26-ին «Ազատություն»-ը տեղեկացել էր ԱԳՆ-ից։ Հիմա ԱԳՆ փոխնախարարը հերքում է այդ լուրը։ Այսինքն, ինչ է ստացվում. եթե իսկապես ԱԳՆ-ի որեւէ ներկայացուցչի շուրթերից նման պատասխան չի հնչել, ինչպես Քոչարյանն է ասում, ապա ուրեմն ով ցանկանա՝ կարող է ԱԳՆ-ի անունից լրատվամիջոցին տեղեկությո՞ւն հայտնել, եւ դա ոչ մի կերպ չի՞ վերահսկվում, թե՞ ԱԳՆ-ի ամեն աշխատակից տարբեր ինֆորմացիայի է տիրապետում։
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ