ՑԱՆԿԱՑԱԾ ԱՃՊԱՐԱՐ ԿՆԱԽԱՆՁԻ ՆՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրական տվյալների ուսումնասիրությամբ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 1 միլիոն 817 հազար տոննա տոմատի պահածո: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտադրվել էր 2 մլն 218 հազար 400 տոննա տոմատ: Այսինքն` այս ոլորտում 18.1 տոկոս նվազում ունենք: Այն, որ այս տարի գյուղատնտեսությունում իրավիճակը, մեղմ ասած, լավ չէր, դա Հայաստանում բոլորին է հայտնի, բացի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից եւ նրա մատակարարած թվերով ապրող պաշտոնական վիճակագրերից: Բանն այն է, որ իրականում գյուղատնտեսության բոլոր բնագավառներում առանձին-առանձին անկում է արձանագրվել: Բանջարեղենի հիմնական տեսակները, կարտոֆիլը, ընդեղենի բերքը, մրգերը եւ ընդհանրապես գյուղատնտեսության հետ կապ ունեցող գրեթե ամեն ինչ այս տարի պակասել է, բայց դա չի խանգարել, որ պաշտոնապես հայտարարեն, թե գյուղատնտեսության ոլորտում 7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Ուղղակի հնարավոր չէ հասկանալ, թե Սերգո Կարապետյանին ինչպես է հաջողվում նման թվեր նկարել: Հայաստանում ապրող ցանկացած մարդ կփաստի, որ այս տարի չնչին բերք է եղել, շուկայում առատ եւ էժան վաճառվել են միայն դեղձը եւ խնձորը:

 

 

 

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարկային միանգամից հինգ պայմանագիր է հաստատվելու` ընդհանուր 165 միլիոն դոլարի եւ 32 միլիոն 500 հազար եվրոյի չափով: Երեք պայմանագրերը կնքվելու են «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի» հետ` 50 միլիոն, 40 միլիոն եւ 75 միլիոն դոլարի չափով: 25,5 միլիոն եվրոյի պայմանագիրն էլ պետք է կնքվի «Եվրոպական ներդրումային բանկի» հետ: Նշված վարկերը տրվելու են 25 տարի ժամկետով: Հինգերորդ պայմանագիրը կնքվելու է ՀՀ մշակույթի նախարարության եւ ավստրիական «Վաագներ-Բիրո կոնսորցիումի» միջեւ: Այս պայմանագրով նախատեսվում է 7 մլն եվրոյի վարկ վերցնել ավստրիական «Էրստե» բանկից 23 տարի ժամկետով, որպեսզի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգվի: Մի խոսքով՝ ամենատարրական խնդիրները լուծելու համար անգամ մեր հանրապետությունը միջոցներ չունի եւ ստիպված է վարկը վարկի ետեւից վերցնել: Ստացվում է՝ «ապառիկով» թատրոն վերանորոգելու համար:

 

 

 
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության` նոյեմբերի 20-21-ը Թուրքմենիա կատարած այցի համար հատուկ չվերթ իրականացնելու նպատակով ծախսվել է 13 միլիոն 820 հազար դրամ՝ մոտ 31 հազար ԱՄՆ դոլար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ գումարը ՀՀ Կառավարության աշխատակազմը վճարել է «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին: Այո՛, ոչ մի շփոթություն չկա` Աբրահամյանի այցի նպատակով իրականացված հատուկ չվերթը կազմակերպել է «Ավիոուսումնական կենտրոնը»: Ինչպես նախորդ համանման հատուկ չվերթները, այս մեկը եւս իրականացվել է նախագահական «Էյերբաս A319» մակնիշի ինքնաթիռով: Այստեղ բնական հարց կարող է ծագել՝ իսկ ինչո՞ւ է չվերթը մի կենտրոնի միջոցով կազմակերպվել: Բացատրենք. այն պարզ պատճառով, որ «Էյր Արմենիայի» գործունեությունը դադարեցնելուց հետո հայկական գործող ավիաընկերություն այլեւս չկա: Ու եթե այսպես շարունակվի, նախագահական ինքնաթիռի օդաչուները մի օր էլ կարող են անհատ ձեռներեցի վկայականով չվերթներ իրականացնել եւ միայն ազատ ժամերին սպասարկել ՀՀ պետական այրերին:

 

 

 

Միջազգային լրահոսի երեկվա գլխավոր թեմաներից մեկը Վիեննայում Ռուսաստանի, Մեքսիկայի, Վենեսուելայի եւ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հանդիպումն էր: Սակայն կողմերին այդպես էլ չէր հաջողվել նավթի արդյունահանման ծավալների նվազեցման շուրջ համաձայնության գալ: Միջազգային լրատվամիջոցների կանխատեսմամբ՝ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը կշարունակի խորանալ: Այն փաստը, որ նավթի միջազգային գները մի քանի օրյա կայունացումից հետո երեկ կրկին նվազել են, իսկ ռուսական ռուբլին կրկին արժեզրկվել է, գնահատվում է որպես Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների ձախողման հետեւանք: Եւ այս պայմաններում ՀՀ իշխանությունները շարունակում են Հայաստանի տնտեսությունն ավելի ամուր շաղկապել ռուսական տնտեսության հետ: Սա նշանակում է, որ աշխարհում ընթացող զարգացումները մեր երկրի տնտեսության համար լավ հեռանկար չեն ուրվագծում:

 

 

 

«ԲՐՈՆՅԱ» Է ԱՐԵԼ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԻ

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության ԳՄ երեկվա նիստից հետո պատասխանելով փոխվարչապետի թափուր պաշտոնում նշանակման վերաբերյալ հարցին` ասել է.«Մի՛ շտապեք, երբ ժամանակը գա, փոխվարչապետի հարցը կքննարկվի ու կնշանակվի, բայց այս պահին փոխվարչապետի նշանակման հարցը չի քննարկվել»:
Հիշեցնենք, որ բացի փոխվարչապետի պաշտոնից, որը Արմեն Գեւորգյանի հրաժարականից հետո մեկուկես ամիս է`թափուր է մնացել, արդեն յոթ ամիս է` թափուր է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Առայժմ կատարված չեն նաեւ նորաստեղծ երկու նախարարությունների ղեկավարների նշանակումները, թեեւ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ արդեն իսկ ստորագրել է «ՀՀ Կառավարության կառուցվածքային մասին» փոփոխված օրենքը: Եվ այսքանից հետո առաջիկա նշանակումների շուրջ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀԿ ԳՄ նիստից-նիստ Է. Շարմազանովը պատասխանում է, թե այդ հարցերը չեն քննարկվել, եւ որ շտապելու հարկ չկա:
Իշխող կուսակցության նման մոտեցումն արտառոց է եւ տարբեր եզրակացությունների տեղիք տվող: Նախ` իշխանական վերնախվում երբեւէ չի եղել նման բան, որ, օրինակ, փոխվարչապետի պաշտոնն այսքան երկար ժամանակ թափուր մնա (թեեւ Սահմանադրությամբ ժամկետ սահմանված չէ): Այս պաշտոնն այնքան բաղձալի եւ կարեւոր է եղել, որ, օրինակ, գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը այն «իրենով էր արել» անգամ մինչ 2005թ., երբ Սահմանադրությամբ նման պաշտոն նախատեսված չէր: Հետագայում Արմեն Գեւորգյանի` այս պաշտոնում նշանակումը եւս շատ կարեւոր նշանակություն ուներ, եւ, ըստ էության, հանդիսանում էր Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան գլոբալ պայմանավորվածության ամրագրումը: Եվ հիմա նման առանցքային հաստիքը տեւական ժամանակ թափուր պահելը, բնականաբար, չի կարող հենց այնպես լինել: Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանն այս եւ նշված մյուս պաշտոններն առայժմ «բրոնյա արած» է պահում` հետագայում դրանք ինչ-ինչ նպատակներով օգտագործելու համար:
Իսկ եթե դա այդպես չէ, ապա այդ կարեւորագույն պաշտոններում նշանակումներ չկատարելով եւ այդ գերատեսչությունները տեւական ժամանակ առանց ղեկավարման թողնելով` իշխանությունները պարզապես ի ցույց են դնում այդ պաշտոնների ավելորդությունը եւ առաջանում է խիստ բնական հարցադրում՝ եթե մեր Կառավարությունը կարող է ամբողջ մեկուկես ամիս շատ հանգիստ «յոլա գնալ» առանց փոխվարչապետի, կամ եթե մեր երկրի ազգային անվտանգության համակարգում յոթ ամիս շարունակ նկատելի չէ ԱԱԽ քարտուղարի բացակայությունը, ապա անհրաժեշտ է պարզապես լուծարել այդ պաշտոնները, կամ էլ վերջին շրջանում Կառավարության համար նախընտրելի տարբերակով` դրանք օպտիմալացնել:

 




Լրահոս