ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԺՆԵՎՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մոտ երկու շաբաթ առաջ Ժնեւում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Նույն տեղեկությունների համաձայն` հանդիպման նպատակը եւ քննարկման հիմնական թեման եղել են Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումները: «Ժողովուրդ»-ը փորձեց այդ հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ կողմերից: Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ո՛չ հաստատեց եւ ո՛չ էլ հերքեց հանդիպման լուրը՝ ասելով, որ ինքը նման հանդիպման մասին տեղեկություն չունի: Իսկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը սկզբում խոստացավ ճշտել եւ պատասխանել մեր հարցին, սակայն մեկ օր անց ասաց, որ չի կարողանում հարցի պատասխանը ճշտել եւ դեմ չէ, որ առանց իր մեկնաբանության լուրը տպագրվի:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դրամի կտրուկ արժեզրկումից հետո ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի բոլոր բանկերին հրահանգել է փոխարժեքի հետ կապված բոլոր գործարքների դեպքում, անկախ դրանց չափից, լրացնել գործարք կատարող անձի անձնական տվյալները: Նախկինում բանկերը անձը հաստատող փաստաթուղթ էին պահանջում միայն 400 հազար դրամ եւ ավել գործարքների դեպքում, անկախ այն բանից՝ հաճախորդը տարադրամը գնում, թե վաճառում է: Այս պահանջը ներկայումս էլ գործում է: Սակայն նորամուծությունն այն է, որ այժմ մեկ միավոր տարադրամ գնելու կամ վաճառելու դեպքում անգամ բանկի աշխատակիցները ճշտում եւ լրացնում են հաճախորդի անունը: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ բանկի աշխատակիցները չկարողացան պարզաբանել նորամուծության իմաստը, միայն ասացին, որ այս շաբաթվա սկզբից են սկսել գործել այդ մեթոդով:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրապարակել էր «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործողությունները խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշել է ՀՔԾ-ի որոշումը վերացնել եւ նոր նախաքննություն նշանակել: Հիշեցնենք, որ քրգործի հարուցման առիթ էր դարձել սեպտեմբերի 9-ին ԱԺ ճաղավանդակների դիմաց տեղի ուեցած միջադեպը: ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը, երբ «Ա1+»-ի լրագրողը «Հակահարված» արտխմբի ակցիան էր լուսաբանում, հարվածել էր նրա ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը: ՀՔԾ-ի գնահատմամբ՝ այդ արարքում հանցանք չի եղել, այսինքն՝ լրագրողի մասնագիտական աշխատանքը չի խոչընդոտվել: Լավ է, որ ՀՔԾ-ն չի որոշել, որ ԱԺ անվտանգության ծառայության պետն այդպիսով լրագրողին օգնել է:

 

 

 
Ինչպես եւ կանխատեսել էինք՝ ՀՀ Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հանդիպումն առանց հետեւանք չի մնացել: Հովիկ Աբրահամյանն առիթը բաց չի թողել՝ Արման Սահակյանին նկատողություն անելու համար` հասկացնելով, որ ղեկավարն ինքն է, իսկ Սահակյանը տվյալ դեպքում իր ենթական է: Սահակյանի ներկայացրած նախագծով առաջարկվել է սահմանել գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց հատկացվող տարածքների մակերեսը: Հովիկ Աբրահամյանի ՊԳԿՎ պետին նկատողություն է արել՝ տնօրեններին 30-ից 50 ք/մ մակերես սահմանելու համար՝ այն համարելով չափից ավելի մեծ: Այս նկատողությունը կարելի էր նաեւ հասկանալ, որ Սահակյանի աշխատասենյակն էլ նրա համար է մեծ: Թերեւս դա է եղել պատճառը, որ Դավիթ Հարությունյանը միջամտել է եւ Արման Սահակյանի փոխարեն պարզաբանել խնդիրը` թույլ չտալով, որ կրքերն էլի սրվեն:

 

 

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ գնացել էր «Նաիրիտ»` հանդիպելու աշխատակազմի հետ եւ նրանց գործարանի վերագործարկման եւ աշխատավարձերի վճարման շուրջ հերթական անիրականանալի խոստումները տալու: Նկատենք, որ մինչ այս Զախարյանը խուսափում էր «Նաիրիտի» հետ կապված որեւէ հստակ հայտարարություն անել, ավելին՝ ընդամենը մի քանի ամիս առաջ հրապարակավ հայտարարեց, որ Կառավարությունը մինչ օրս չի կարողանում հասկանալ, թե ով, որքան եւ ինչ ճանապարհներով է տարիների ընթացքում արնաքամ արել արդյունաբերական այս հսկային: Հիմա, փաստորեն, Զախարյանն ի վերջո հասկացել է այդ մեխանիզմները, սակայն այդպես էլ «Նաիրիտը» թալանողների դեմ որեւէ քայլ չի պատրաստվում անել:
Նա ընդամենն ահազանգում է, որ վիճակը շատ լուրջ է` գործարանի պարտքն արդեն կազմում է 102 միլիարդ դրամ, որից 6 միլիարդը աշխատավարձի գծով պարտքն է, 63 միլիարդը` վարկային պարտավորությունները, 20 միլիարդը` Երեւանի ՋԷԿ-ին, 8,5 միլիարդը` բյուջետային պարտքը, 1,4 միլիարդը` «Գազպրոմ Արմենիա»-ի, իսկ 1,2 միլիարդը` ՀԷՑ-ի պարտքերը: Միով բանիվ` այսօր «Նաիրիտը» դարձել է մի հսկայական բեռ Հայաստանի ուսերին, որի ծանրությունը` մեծացող պարտքերի տեսքով, գնալով ավելի ու ավելի է աճում:
Զախարյանի երեկվա հայտարարություններից էլ ակնհայտ էր, Կառավարությունը պատրաստ է գնալ ամեն ինչի, միայն թե կարողանա «Նաիրիտը» հնարավորինս շուտ վաճառել: Այս հարցում հիշեցնենք՝ իշխանությունները մեծ հույսեր էին տածում կապված «Ռոսնեֆթի» հետ, որը մեկ տարի առաջ Վլ. Պուտինի` Հայաստան կատարած այցի շրջանակներում հետաքրքրություն էր ցուցաբերել «Նաիրիտի» հանդեպ. ռուսները խոստացել էին այն գնել` Հայաստանի բյուջեն ազատելով նման բեռից: Եվ երբ ՀՅԴ-ն առաջարկում էր Աժ-ում «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծել, ՀՀԿ-ականներն իրենց ձայնալարերը չէին խնայում` ՀՅԴ պատգամավորներին բացատրելու համար, որ հանձնաժողովի ստեղծումը կխափանի ակնկալվող գործարքը:
Բայց, ինչպես գրեթե միշտ է լինում հայ-ռուսական հարաբերություններում, ռուսները հերթական անգամ հետ կանգնեցին տրված խոստումից, եւ արդյունքում անցած մեկ տարվա ընթացքում ե՛ւ «Նաիրիտի» պարտքը մեծացավ, ե՛ւ այն թալանողներն իրենց գումարներն էլ ավելի անհասանելի օֆշորային գոտիներ տեղափոխելու հնարավորություն ստացան: Եվ «Նաիրիտի» հարցով ԱԺ ենթահանձնաժողով ստեղծելու օրերս կայացված որոշումը, կարելի է ասել, այլեւս ժամանակավրեպ է: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում` «Չրպ ցՍՐՈՊպվՏ ՊՏ վՈր»: Իսկ Զախարյանի հայտարարությունն էլ, թե անհնար է պարզել «Նաիրիտի» թալանի մեխանիզմներն ու կատարողներին, ի սկզբանե արդեն թալանողներին տրված հրապարակային երաշխիք էր, որ նրանք կարող են հանգիստ վայելել իրենց թալանը հեռավոր արտերկրում:

 




Լրահոս