ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ «Էրստե» բանկի միջեւ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի նորոգման իրականացման համար արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի նախագծին: Լրատվամիջոցների այն հարցին, թե որքան է տեւելու շինարարությունը, թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը պատասխանել է. «Ավստրիացիների ասելով՝ 6 ամիս»:
Իսկ այդ ամիսների ընթացքում թատրոնը ներկայացումներ ունենալո՞ւ է, դերասանները որեւէ ֆինանսական փոխհատուցում ստանալո՞ւ են:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նույն թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը նշեց, որ տեղյակ չէ այդ հարցի շուրջ մանրամասներից. «Միայն գիտեմ, որ ուրիշ թատրոններում ենք խաղալու: Ինձ թվում է՝ պետք է որ վարձատրվենք. դա կապ չունի վերանորոգման հետ, բա ո՞նց ապրենք, ես չեմ խնդրել, որ վերանորոգեն, թեեւ շատ ուրախ եմ այդ առիթով»,-ասաց նա:
Դերասան Ռոման Բաբայանն էլ վարձատրության մասին հստակ տեղեկություն չուներ. «Չգիտեմ, կլինի էլի…»,-նշեց նա:
«Գիտեմ, որ մի ժամանակ Կառավարության որոշում կար, ըստ որի՝ կես աշխատավարձի չափով էինք վարձատրվելու, հետո որոշումը փոխեցին, վարձը դարձրին լիարժեք. սա խոսակցություններից ելնելով եմ ասում…»,-իր հերթին ասաց դերասան Անդրանիկ Զաքարյանը:
«Ժողովուրդ»-ին թեմայի շուրջ մեկնաբանություն տվեց նաեւ թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, ով տեղեկացրեց, որ թատրոնի անձնակազմին այս ամիսների ընթացքում տրամադրվելու են տարբեր թատրոնների շենքեր, լինելու են նաեւ շրջագայություններ մարզերով, անձնակազմը պատրաստվելու է նոր ներկայացումների:
Մեր այն հարցին, թե արդյոք այդ վեց ամիսներին ներկայացումների բացակայության պատճառով թատրոնի կրած վնասն ինչ-որ կերպ փոխհատուցվելու է, տնօրենը պատասխանեց. «Ընդհանրապես թատրոնի տարեկան արտաբյուջետային եկամուտները միջինում հաշվում եմ մոտավորապես 50 միլիոն դրամի չափով, թե ինչքան կխաղանք, ինչքան չենք խաղա, չենք կարող ասել»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք դերասանները ժամանակավորապես գործազուրկ դառնալու վտանգի առջեւ չեն կանգնի, ինչին ի պատասխան՝ տնօրենը նշեց, որ նման բան չի լինի:
«Այսինքն՝ վեց ամսվա ընթացքում դերասանները շարունակելո՞ւ են աշխատավարձ ստանալ»,-մեր հարցը, չգիտես ինչու, զայրացրեց տնօրենին. «Ի՞նչն է Ձեզ հետաքրքիր, դա՞ է Ձեզ համար կարեւոր՝ ստանալու են, թե ոչ, չեմ հասկանում… ինչո՞ւ չեն ստանալու…»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան