Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն այս պահին «Էրեբունի» ԲԿ-ում բուժզննում է անցնում: Այս մասին Armlur.am-ին հայտնեց «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Գևորգ Տեր-Գևորգյանը, ում փոխանցմամբ մոտավորապես մեկ ժամ առաջ 5 դիմակավորված անձինք հարձակվել են ազատամարտիկի վրա և դաժան ծեծի ենթարկել նրան:
«Իր սեփական տնից դուրս գալիս է եղել, դրանք հարձակվել են ու ծեծել: Մենակ է եղել: Ոտքի վրա կարողանում է կանգնի, բայց վիճակը լավ չի: Տեսնենք՝ բժիշկներն ինչ կասեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ Սուրեն Սարգսյանի նկատմամբ իրականացված այս ոտնձգությունը կապելով նախօրեին ազատամարտիկներ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի դեմ իրականացված ոտնձգության հետ: «Միանշանակ կարող ենք ասել, որ նույնը կարող է պատահել ցանկացած ազատամարտիկի հետ: Սրա դեմն առնել է պետք: Այսօրվա մեր հավաքին բոլոր այդ հարցերը կքննարկենք»,- շարունակեց Գևորգ Տեր-Գևորգյանը:
Իսկ ազատամարտիկ Հակոբ Հակոբյանն էլ ասաց, թե դեռևս տեղյակ չէ՝ ինչ է կատարվել Սուրեն Սարգսյանի հետ և փաստեց, որ սա արդեն նշանակում է, որ ոտնձգության թիրախը կոնկրետ ազատամարտիկներն են: «Ձեզնից իմացա: Այս պահին որևէ բան ասել չեմ կարող: Բայց չեմ հասկանում՝ պատերա՞զմ են հայտարարել ազատամարտիկներին»,- եզրափակեց ազատամարտիկը:
Հիշեցնենք, որ նախօրեին ծեծի էին ենթարկվել նաև ազատամարտիկներ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Իսկ երեկ դաշինքը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Նմանատիպ յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման և ազատամարտիկները կոչ են անում իրենց մարտական ընկերներին դեկտեմբերի 10-ին` ժամը 12:00-ին, հավաքվելու Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքում՝ հետագա անելիքները համատեղ որոշելու նպատակով»: