«ՀԱԿ անդամի ծեծն Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածի շարունակությունն է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան իր բնակարանի առջև ծեծի ենթարկված Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանին այս պահին «Հրազդան» ԲԿ-ից տեղափոխում են Երևանի «Արմենիա» ԲԿ: Այս մասին Armlur.am-ին հայտնեց ՀԱԿ անդամ, Հրազդանի տարածքային կառույցի անդամ Արամ Բարեղամյանը, ում փոխանցմամբ՝ տեղափոխության պատճառը «Հրազդան» ԲԿ-ում՝ հետազոտության համար նախատեսվցած համապատասխան սարքավորումների բացակայությունն է:

«Կատե պիտի անեն, Հրազդանում հարմարություններ չկան: Ապահովության համար Երևան ենք տեղափոխում, որպեսզի լավ զննեն, մենք էլ հանգիստ լինենք: Ու չնայած հիմա իրավապահ մարմինները ցանկանում են մեզ ապացուցել, որ ծեծն անձնական խնդիրների պատճառով է եղել, այնուամենայնիվ մենք համոզված ենք, որ սա Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածի շարունակությունն է: Դրանից բացի, նման զուգադիպություն չէր կարող լինել»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ինքը նախկինում տեսել է ծեծի հեղինակներ երիտասարդներից մեկին, սակայն, որպես այդպիսին, լավ չի ճանաչում:

Մեր զրուցակիցը համոզված է, որ այս պահին ՀԱԿ յուրաքանչյուր անդամի կյանքը վտանգված է, ցանկացած պահի յուրաքանչյուրի նկատմամբ էլ կարող են նման հարձակումներ իրականացվել:

Հիշեցնենք, որ դեպքից անմիջապես հետո ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Պողոսյաններ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Պողոսյանները ներկայացել են ոստիկանության Հրազդանի բաժին և խոստովանել, որ Աշոտ Փիլիպոսյանի հետ իրենք են վիճաբանել միմյանց անձնական վիրավորանք հասցնելու պատճառով: Կատարվում է քննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան ՀԱԿ Հրազդանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանին է զանգահարել անհայտ անձ, հրավիրել դուրս՝ խոսելու, ապա ծեծի ենթարկել նրան: Մեզ հետ զրույցում Արամ Բարեղամյանը հայտնել էր, որ Ա. Փիլիպոսյանը ստացել է ուղեղի ցնցում, աչքի տակ՝ արյան զեղում, սալջարդ, կոտրվածքներ չունի:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երկու օր առաջ հարձակում է իրականացվել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա:




Լրահոս