«Լռության դար». New Yorker-ի լայնածավալ հոդվածը Հայոց ցեղասպանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան New Yorker պարբերականի գրող Րաֆֆի Խաչատուրյանը ծավալուն հոդված է հրապարակել «Լռության դար. Ցեղասպանությունից փրկված ընտանիքն ու նրա երկար ուղին» խորագրով, որում պատմել է Դիարբեքիրում ծնված իր պապիկի պատմությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա ներկայացրել է, որ 1880-ականներին ծնված իր պապը կյանքի զգալի մասն անց է կացրել հենց Դիարբեքիրում:

Խաչատուրյանը ներկայացրել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության մանրամասները, այնտեղ մնացած հայերի մուսուլմանացումը, ազգանունը 1934 թ. համապատասխան օրենքի համաձայն Խաչատրյանից Օզաքդեմիրի վերափոխումը: «Դիարբեքիրը դարձավ վիրավոր կոսմոպոլիտիզմի քաղաք, դրա փոքրամասնությունները` քրսիտոնյաները, հրեաներն ու հույները, մեծապես նվազեցին»,- գրել է հեղինակը:

Նա ուշագրավ է համարում այն, որ թեպետ շուրջ մեկ դար է` Թուրքիան ժխտում է ցեղասպանությունը և անգամ պատժում դրա մասին բարձրաձայնելու համար, սակայն մեր օրերում Դիարբեքիրը, կոտրելով պաշտոնական քաղաքականության թեզերը, սկսել է խոսել այդ տարածքը որպես ընդհանուր հայրենիք ընկալելու մասին: Դեռ ավելին, շատ դիարբեքիրցի քրդեր սկսել են գիտակցել և բարձրաձայնել Ցեղասպանության իրականացման մեջ իրենց մեղավորության մասին:

«Թեպետ Հայոց ցեղասպանությունից անցել է մեկ դար, սակայն դրա իրագործման շատ մանրամասներ մնում են անհայտ: Համատարած պետական ժխտողականությունն արգելում է մուտք գործել պաշտոնական արխիվներ` ինչպես ակնհայտ, այնպես էլ քողարկված ձևերով: Առանցքային օսմանյան փաստաթղթերը կորած են կամ ոչնչացված»,- պատմում է Խաչատուրյանը:

Նա նշում է, որ մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ վրիժառության ցանկությունը մշտապես դժվար է եղել տարանջատել արդարության հասնելու ձգտումից: «Համայնքային կենտրոններում շատ հաճախ հնարավոր էր գտնել այն հայերի պոստերները, ովքեր քաղաքական սպանությունների շարքի ժամանակ սպանել էին թուրք պաշտոնյաների 70-80-ական թվականներին: Նրանք հերոսներ էին` ֆիդայիներ, և երեխաները խրախուսվում էին պատվելու նրանց, ինչպես նաև գրելու, եթե վերջիններս բանտում էին»,- նշել է Խաչատուրյանը:




Լրահոս