ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը համացանցի իր էջում Գյումրիում կատարված դաժան դեպքերի վերաբերյալ գրառում է կատարել.
«Հետևելով այս օրերի լրահոսին՝ տարակուսում ես. ոչ մասնագետ, ոլորտի հետ կապ չունեցող, բանից անտեղյակ մարդիկ լրջորեն ու դեմքի ակադեմիական արտահայտությամբ դատողություններ են անում իրավապահների օպերատիվ աշխատանքի մասին: Դատողություններին ոչ ոք դեմ չէ, բայց գոնե մի քիչ առնչություն ունենային իրավապահ գործունեության հետ, գոնե ոլորտի նախկին մասնագետներ լինեին, կամ էլ մասնագիտական գրականությանը հղում անող սկսնակներ /չնայած՝ օպերատիվ-հետախուզական գործունեությանը վերաբերող գրականությունը կարծես այնքան էլ մատչելի չէ…/: Ո՛չ. այս մարդիկ, որ ոչ այս են, ոչ այն, նույնիսկ դատողություն չեն անում, պարզապես դատում ու դատավճիռ են կայացնում…
Իրավիճակը չափազանց զգայուն է, Գյումրիում կատարվածն ավելին է, քան հանցագործություն, և տաքուկ տեղերում նստած, մարտաֆիլմերի կամ դետեկտիվ սերիալների տպավորություններով եզրահանգումներ անելը, ընդ որում՝ որպես վերջին ատյանի ճշմարտություն, մեղմ ասած՝ ամոթալի է, և հաստատ չի վարկաբեկում իր գործն անող իրավապահին, հենց նման եզրահանգում-վերլուծություն անողին է վարկաբեկում, ու լավագույն դեպքում հարուցում գործի գիտակների ժպիտը, վատագույն դեպքում…
Քավ լիցի, յուրաքանչյուրն ունի իր կարծիքն արտահայտելու, առհասարակ՝ արտահայտվելու իրավունք, բայց իրեն հարգող ցանկացած ոք պարզապես չի՜ խոսի խնդիրներից, որոնք իր պատկերացումներից ու ստացած կրթությունից շա՜տ հեռու են:
Եվ երբ նման կեցվածքը տեսնում ես սոցցանցերում, դեռ կարելի է հաշտվել, բայց երբ այդպիսի դիլետանտական վերլուծությունները հայտնվում են զանգվածային լրատվության միջոցներում, երևույթն արդեն մտահոգիչ է, և չգիտեմ՝ խելամտության ու պատասխանատու վերաբերմունքի կոչ անելն արդյո՞ք անիմաստ չէ տվյալ պարագայում»: