Ռուսները կարո՞ղ են անել այն, ինչ կցանկանան. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հերթական «աչքալուսանքն» է տվել ՀՀ քաղաքացիներին` հայտարարելով, թե առաջիկայում հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագների նոր թանկացում: Նա, իհարկե, կոնկրետ ժամկետ կամ թանկացման չափ չի նշել, սակայն փոխարենը ներկայացրել է հնարավոր թանկացման պատճառը: «էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մեծ պարտքեր է կուտակել: 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլցանցերի պարտքը կազմել է 15,8 միլիարդ դրամ, այդ թվում՝ ժամկետանց պարտքը` 7,8 միլիարդ դրամ: Ընկերությունը միլիոնավոր դոլարներ էլ պարտք է առեւտրային բանկերին: Այս պահի դրությամբ բանկերին պարտքը կազմում է 220 միլիոն դոլար»,-ներկայացրել է Զախարյանը:

Փաստորեն ՀԷՑ-ի ապաշնորհ կառավարիչների կուտակած պարտքերը ՀՀ քաղաքացիների հաշվին թեթեւացնելու նպատակով անցած ամռանը կատարված էլեներգիայի սակագնի 27 տոկոսով թանկացումը բավարար չի եղել վիճակը շտկելու համար, եւ առաջիկայում հայաստանցի սպառողները հերթական անգամ ստիպված են լինելու իրենք վճարել ռուս կառավարիչների փոշիացրած գումարները: Եվ պարզապես ցնցող է նախարարի տված պատասխանը լրագրողների հարցին, թե ինչու, այս խայտառակ պատկերն աչքի առջեւ ունենալով, չեն փոխում ՀԷՑ-ի վատ կառավարչին:

«Հայաստանը որեւէ կապ չունի, էլցանցերի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը պետք է որոշի` ով կառավարի»: Ահա, այսպես՝ փաստորեն Զախարյանն արձանագրում է առանց այդ էլ հայտնի իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես այդպիսին, չունի ռուսական ընկերության վրա ազդեցության եւ ոչ մի լծակ:

Եվ եթե կոնկրետ այս եւ բազմաթիվ այլ հզորությունները ռուսներին նվիրելու հարցում մեղավորը բացառապես Ռոբերտ Քոչարյանն էր, ով, ի դեպ, հիմա դարձել է հաջողակ ռուսաստանցի բիզնեսմեն, ապա նույնչափ, անգամ ավելի խայտառակ, գազային պայմանագրի կնքահայրն էլ արդեն Սերժ Սարգսյանն է, ով պաշտոնանկությունից հետո գուցե իր բիզնես-կարիերան նախընտրի շարունակել որեւէ այլ երկրում:

Իսկ մինչ այդ ՀՀ քաղաքացիները ստիպված կլինեն վճարել ռուսների կուտակած պարտքերը: Ի վերջո, այլեւս անթաքույց իրողություն է, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է Ռուսաստանին պատկանող ճորտապետություն, որտեղ ռուսները կարող են անել այն ամենը, ինչ ցանկանան՝ սկսած ՀՀ քաղաքացիներին գնդակահարելուց, ավարտած մեզ բոլորիս պերմանենտ թալանելով: Այս հարցում, սակայն, պետք չէ մեղադրել ռուսներին, ի վերջո, հինգ հազար դրամով ՀՀ քաղաքացիների քվեները գնած իշխանությունները տվել են, ռուսներն էլ` վերցրել:




Լրահոս