Երկու օր առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ հենց զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան օրը ԱԺ պատգամավոր (դեռեւս) Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները հերթական մարդուն են դաժանաբար ծեծել: Այս անգամ զոհը թիվ 81 երթուղու Սմբատ անունով վարորդն էր, նաեւ ողջ երթուղու անձնակազմը, որին Հայրապետյանի աշխատակիցները ահաբեկել էին` հրահանգելով դադարեցնել աշխատանքը եւ այլեւս «Ավանում չերեւալ»: Վահե Ավետյանի մահվան արդյունքում առաջացած հասարակական աննախադեպ ընդվզման այս օրերին միանգամայն սպասելի էր, որ ոստիկանությունն անմիջապես կարձագանքի մեր հրապարակմանը: Եւ իրոք, արձագանքը չուշացավ, միայն թե ափսոս, որ այն եղավ այնպիսին, ինչպես որ եղել է միշտ, եւ ինչի մասին մենք արդեն իսկ երեկա համարում նախազգուշացրել էինք մեր ընթերցողներին: Իսկ արդեն երեկ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ եղել է ոչ թե ծեծկռտուք, այլ ընդամենը վիճաբանություն: Եթե հիշում եք, «Առագաստ»-ում սպանված Պողոս Պողոսյանի դեպքում էլ էր եղել ընդամենը վիճաբանություն, որի արդյունքում «անզգույշ քաշքշոցից» Պողոսյանը մահացավ: Վիճաբանության արդյունքում մի քանի տարի առաջ թյուրիմացաբար սպանվեց նաեւ մեկ այլ քաղաքացի` «Օդնոկլասսնիկի» սրճարանի սեփականատիրոջ փոխարեն: Եթե Վահե Ավետյանի եւ նրա ընկերների հետ 15 հոգանոց հրոսակախումբը «վիճաբանելիս» չափը չանցներ եւ սխալ «ուդարներ» չաներ, թերեւս այդ դեպքն էլ կանցներ-կգնար, ինչպես որ դրանից առաջ եղած շատ-շատերը: Սակայն այդպես չեղավ, Վահե Ավետյանը մահացավ: Եվ փոխանակ այդ ողբերգության շոկը դեռ չմարսած քաղաքացիներին մեր երկրում պաշտպանված զգալու հեռավոր հույս տրվեր` ծեծված վարորդի իրավունքների պաշտպանության օրինակով, արվեց հակառակը: Կասկածից դուրս է, որ Սմբատ անունով վարորդը Ավանի տղերքի տարած «բացատրական աշխատանքից» հետո պատրաստ կլինի անգամ երդվել, որ ինքն է ճանապարհի մեջտեղում «Ջիփ»-ից իջեցրել թիկնապահներին ու հրահրել վիճաբանությունը, եւ այդ ինքն է իր ընկեր վարորդներին խնդրել, որ այլեւս չկանգնեն Ավանի «կանեցում», որ մի քանի օրով խաթարեն երթուղու աշխատանքը` զրկվելով օրվա հացի փողից: Այս ամենը ցավալիորեն կանխատեսելի սցենար է, քանի որ անգամ բուժզինծառայության մայորի դեպքում ՀՀ պաշտպանության նախարարն ամեն կերպ փորձեց շատ չնեղացնել հայտնի օլիգարխին: Եւ եթե Վահեն չլիներ ՊՆ սպա, այս աղմուկը նման ուժգնությամբ չէր բարձրանա: Կլիներ այնպես, ինչպես շարքային վարորդի դեպքում, որի հետ կատարվածը այսօր գլխիվայր շրջվել է՝ սպառնալիքների ազդեցության տակ կորզված ցուցմունքներով: Իսկ Սմբատը կրկնակի դժբախտ է. նա ոչ միայն անհարմար պահի «փախցրել» է երթուղայինը՝ խանգարելով թիկնապահին, այլեւ Ավանի բնակիչ է: Դրա համար էլ վերքերը լավանալուց հետո է նրան երեկ դատաբժշկի ուղեգիր տրվել:
ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ