Այսօր Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տոնում է իր 26-ամյակը:
Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989թ.-ի հունվարի 21-ին: Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է 2006-ին Երևանի «Փյունիկում»։ «Փյունիկում» նա անցկացրել է երեք ու կես տարի՝ խաղալով 89 խաղ, խփելով 35 գնդակ։
2009 թվականի հունիսին Հ. Մխիթարյանը 3 տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ, իսկ արդեն 2010 թվականի օգոստոսի 30-ին 5 տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Շախտյորի» հետ, իսկ Դոնեցկի «Մետալուրգը» Հենրիխի տրանսֆերի դիմաց ստացավ 7.5 մլն դոլար։
Մխիթարյանը Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին՝ Պանամայի հետ ընկերական խաղի ժամանակ։
2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվեց գերմանական Դորտմունդ քաղաքի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 մլն եվրո վճարեց, որով Հենրիխը դարձավ դորտմունդյան ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք ձեռքբերումը:
Այժմ «Բորուսիա»-ն զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը, իսկ Մխիթարյանի հանդեպ հետաքրքրություն է սկսել ցուցաբերել «Յուվենտուս»-ը: