«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում սպանված Ավետիսյանների բակում եւս մեկ տուն կա, որը մեղադրյալ Վալերի Պերմյակովը շրջանցել էր եւ մտել կոնկրետ Ավետիսյանների տուն: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նշված հասցեի բակում ապրում է սպանված ավագ Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրը՝ Կարինե Ավետիսյանը, որը դեպքից հետո հրաժարվում է իր բնակարանից. «Ես այդ բակ չեմ վերադառնա, վախենում եմ, հոգեկանս կխանգարվի»:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ներխուժել էր Ավետիսյանների 7 հոգանոց ընտանքի եւ սպանել ընտանիքի 6 անդամներին:
Երեկ Գյումրին հողին հանձնեց ընտանիքի 7-րդ անդամին՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին, որը շուրջ 7 օր պայքարեց իր կյանքի համար, «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնում երկու անգամ վիրահատության ենթարկվեց, սակայն բժիշկներին այդպես էլ չհաջողվեց փրկել նրա կյանքը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Մյասնիկյան 188 հասցեի բնակվող, կենդանի մնացած Ավետիսյաններից Կարինեի հետ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ այդ հասցեում, Ավետիսյանների բնակարանից բացի, կա եւս մեկ տուն, որտեղ ապրում է սպանված ավագ Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրը` Կարինե Ավետիսյանը:
Ինչպես տեղեկացրեց Կարինեն, այս զարհուրելի դեպքից հետո չի պատրաստվում ոտք դնել, առավել եւս ապրել իր հայրական տանը: Նա պատրաստվում է դիմել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որպեսզի իրեն օգնեն. «Դուրսն եմ մնացել, հոգեկան խանգարում կստանամ: Այդ կողմ չեմ գնա ապրելու, չգիտեմ: Ես իմ տուն, այդ բակ չեմ մտնի, այդ կողմ չեմ թեքվի, ինձ օգնեք, թափառական եմ դարձել, մնացել անտուն»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: