Ոստիկանությունը հրաժարվել է ծեծից և խոշտանգումներից. Հունան Պողոսյանը` ոստիկանության ձեռքբերման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարի Հանրապետությունում ապահովվել է կայուն օպերատիվ վիճակ, ինչի արդյունքում գրանցված հանցագործությունների թիվը նվազել 787 դեպքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ում խոսքով 2014-ին աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:

«Դա հիմնականում պայմանավորված է սպանության, սպանության փորձերի, իրացման նպատակով թմրանյութերի ապօրինի շրջանառության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի թվաքանակի աճով: Դրական միտում է այն, որ խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 18-ով , իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 29-ով: Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կատարած աշխատանքները` պետք է նշել, որ 2013 թվականի համեմատությամբ` որոնողական աշխատանքների ուղղությամբ բարելավման միտում է դիտվում»,- ասաց Պողոսյանը:

Վերջինս նշեց, որ նվազել են նաև գողության, ավազակության, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը, ինչպես նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունները:

«Որպես կարևոր ձեռքբերում մենք համարում ենք, որ միանշանակ կարողացել ենք վերացնել հանցագործությունները թաքցնելու արատավոր գործելաոճը:  Հրաժարվել ենք ծեծից և խոշտանգումներից: Գործընթացներ ամրապնդելու նպատակով ոստիկանության մարզային վարչությունները և դրանց ենթակա տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերն ու ձերբակալվողներին պահվող մասերը համալրվել են տեսադիտվող սարքերով»,- ասաց Պողոսյանը:

Հունան Պողոսյանի` ոստիկանության նման ձեռքբերման հետ կապված լրագրողի հարցին, թե նախկինում սևով սպիտակի վրա գրված է եղել, որ պե՞տք է խոշտանգումներ իրականացվեն, Հունան Պողոսյանը նշեց, որ ինքը նկատի է ունեցել ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվող խոշտանգումները, որոնց պատճառով նրանք հետագայում պատժվել են: Խոշտանգումները, ըստ ոստիկանապետի առաջին տեղակալի, սովորական երևույթ չեն եղել և չեն լինի:

Նա նաև հայտնեց, որ ոստիկանությունը շարունակել է բաց թափանցիկ գործելաոճը, գործում է ամենշաբաթյա ուղիղ կապը և Skype-ով կապը տարբեր ստորաբաժանումների միջև:




Լրահոս