Հունվարի 15-ին Գյումրիի կենտրոնում պայթյունավտանգ իրավիճակ էր: Մոտ 3 հազար ցուցարար պահանջում էր, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը հանձնվի ՀՀ արդարադատությանը: Իրադրությունն այն աստիճան էր դուրս եկել վերահսկողությունից, որ շտապ օգնություն դիմած քաղաքացիներից ոմանց մոտ հիստերիայի նախանշաններ էին հայտնաբերվել:
Իսկ բուռն քննարկումների առիթ դարձավ այն, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լյովա Երանոսյանը հայտարարարեց, թե հավաքված ժողովրդի 80 %-ը հարբած է եղել: Նշենք, որ փոխոստիկանապետը ներկա չի եղել բողոքի ակցիային:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, անդրադառնալով Լյովա Երանոսյանի վերոնշյալ հայտարարությանը, նշեց, որ նենգափոխել որևէ մեկի խոսքը ցանկալի չէ. «Մարտական գեներալը խոսել է ոչ թե ակցիայի մասնակիցների մասին, այլ՝ նրանց մասին, ովքեր արդեն իսկ անկարգություններ էին անում, քարեր էին նետում, վնասում էին ոստիկանության մեքենաները: Պարոն Երանոսյանը նկատի է ունեցել նրանց: Նա ենթադրել է, չի չափել»,- ասաց Հունան Պողոսյանը: Իսկ Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հավելեց. «Երբ չափիչ գործիքները մեջբերվում են, երբ կոնկրետ գործողություն է կատարվում: Մարդիկ դրա համար վարչական պատասխանատվության են ենթարկվում: Մարդը ենթադրություն է արել, որ ագրեսիվ տրամադրված մարդկանց զգալի մասը, ովքեր քարկոծում էին ոստիկանության մեքենաները, կարող էին ալկոհոլի ազդեցության տակ լինել: Պարոն Երանոսյանի ասածը իրավական որևէ հետևանք չի առաջացրել»:
Ապա հնչեց այսպիսի հարց, քանի որ Լյովա Երանոսյանի խոսքերը մշտապես բուռն քննարկումների առիթ են տալիս, ժամանակը չէ՞ արդյոք նրան արգելել խոսել, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Քննարկում եք Դուք: Բայց էլի եմ կրկնում՝ որոշ լրատվամիջոցներ նենգափոխում են այդ մարդու խոսքերը: Րոպեն մեկ պարբերությամբ անընդհատ մարդուն զանգահարել և նույն հարցերը տալ….. Դրա համար էլ ոստիկանապետի հրամանով ծառայողական քննություն է անցկացվում»: