Նալբանդյանի «կախած զանգը» և 30 հոգանոց ակցիան` ՄԻԵԴ-ի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մոտեցող այս պատմական ժամանակաշրջանում բավականին կարեւոր էր երեկ Ստրասբուրգի՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում շարունակված թուրք գործչի քննությունը:

Հիշեցնենք, որ երեկ Ստրասբուրգում ավարտվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի դատական լսումը: 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Թուրքիայի Աշխատանքային կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության այն բանի համար, որ նա Հայոց ցեղասպանությունը ժխտել էր: Վուդի Կանտոնի վերաքննիչ դատարանը եւ Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

Իսկ ահա 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցը եւ նրան անմեղ համարել՝ մատնանշելով խոսքի ազատության կարեւորությունը: Սակայն Շվեյցարիայի Կառավարությունը մարտի 17-ին հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: Հայաստանը գործում ներգրավված է որպես երրորդ կողմ:

Երեկ Փերինչեքը ելույթ է ունեցել ՄԻԵԴ-ում եւ ասել, որ հավաքվել են Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության համար: Նա կրկին հայտարարել է, թե 1915-ի հարցը վիճելի է, եւ մեջբերել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի եւ հայ մտավորական Սեւան Նիշանյանի խոսքերը, որոնք նշել են, թե «հայ եւ թուրք շրջանակները միմյանց հանդեպ դաժանություններ են իրականացրել»:

«1915-ի դեպքերը «ցեղասպանության» հասկացության մեջ չեն տեղավորվում, դա են ապացուցում գիտական փաստարկներն ու դատարանին ներկայացված 90 կգ կշռող փաստաթղթերը»,- կրկին հայտարարել է թուրք գործիչը՝ կրկնելով այն մտքերը, ինչի համար Շվեյցարիայի դատարանի կողմից պատժվել էր:

Թե այսքանից հետո ինչ վճիռ կկայացնի եվրոպական դատարանը, դժվար է ասել՝ հաշվի առնելով եվրոպական արժեքները հաճախ ոտնահարելու` մինչ այս եղած փաստերը: Բայց մյուս կողմից չի բացառվում, որ Թուրքիային «ծնկի բերելու» համար եվրոպացիները որոշեն հօգուտ Հայաստանի վճիռ կայացնել՝ ճիշտ համարելով Շվեյցարիայի դատարանի կայացրած վճիռը: Եվրոպական դատարանը գործի առնչությամբ վճիռ կկայացնի 6-8 ամսվա ընթացքում:
Աներկբա է, որ այս գործը մեծ կարեւորություն ունի ե՛ւ մեր, ե՛ւ Թուրքիայի համար:

Armlur.am-ի թղթակիցը Ստրասբուրգից հայտնեց, որ Եվրադատարանի դիմաց երեկ հավաքվել էին շուրջ 2.000 թուրքեր եւ ադրբեջանցիներ՝ Եվրոպայի մի շարք երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից: Նրանց գործողությունները նախապես կազմակերպված էին: Ուշագրավ է, որ թուրքերի հետ են եղել նաեւ դեսպաններ: Այսինքն՝ պետական մակարդակով թուրքերը պատրաստվել էին այս դատին ոչ միայն շենքի ներսում՝ իրավական հարթությունում կռիվ տալու համար, այլեւ դրսում՝ պաստառներով:

Իսկ Հայաստանից Եվրադատարանի առջև մոտ 30 մարդ էր հավաքվել, պաշտոնատար անձինք չկային: Ակցիան բավականին անկազմակերպ էր: Միայն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էր՝ որպես ՀՀ Կառավարության ներկայացուցիչ, ներսում կռիվ տալիս:

Ասել է թե՝ հայկական լոբբինգը, գոնե առայժմ, ակցիաների մակարդակով լուրջ պարտություն կրեց: Հակառակ հզոր եւ գործուն սփյուռքի մասին հավաստիացումներին՝ տեղի հայկական կառույցների օգնությամբ պաշտոնական Երեւանը այդպես էլ չկարողացավ Եվրադատարանի վրա փոքր-ինչ ազդեցություն գործել, եւ արդյունքում ընդամենը «հաջողվեց» ժամանակ երկարաձգել:
Իսկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր վերջին ասուլիսում հավատացնում էր, որ ինքն ու իր ղեկավարած կառույցը ոչ թե ճառեր ասող են, այլ զանգ կախող: Փաստորեն նաեւ «զանգ կախել»-ը չի ստացվում:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

mied




Լրահոս