ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ armlur.am-ի
Երեկ Գյումրիի քաղաքապետարանի առջեւ էին հավաքվել բազմաթիվ առեւտրականներ, որոնք եւս իրենց բողոքն են արտահայտել հետաձգված, բայց փետրվարի 1-ից դարձյալ գործածության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների դեմ: Ցուցարարները դժգոհել են, որ անհարկի տուգանքներ են նախատեսվում այդ օրենքի կիրառումից:
ՀԱՐՑ. 1 տարի 7 ամիս աշխատել եմ մի հիմնարկում, որից հետո ընդունվել եմ մեկ այլ հիմնարկ եւ հենց առաջին ամսվա ընթացքում հղիացել եմ եւ 2 ամսից պատրաստվում եմ գնալ ֆիզարձակուրդ: Արդյո՞ք հաշվի առնվելու է նախորդ հիմնարկումս աշխատած ժամանակահատվածը՝ ֆիզարձակուրդի գումարը ստանալիս: Աշխատավարձիս չափը 64.260 դրամ է:
Աննա Թադեւոսյան (25 տարեկան, ծրագրավորող)
ՊԱՏԱՍԽԱՆ. 2015թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը վերանվանվել է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի, որի գործողությունը տարածվում է 2015թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Օրենքի 10-րդ հոդվածով սահմանված է, որ մայրության նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է 12 ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս՝ հաշվի է առնվում նաեւ հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի՝ մինչեւ տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ:
Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով Ձեր գրությամբ ներկայացված տեղեկատվությունը` Ձեր ներկա գործատուի մոտ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ 7 ամիս աշխատելու հանգամանքը, հայտնում ենք, որ հաշվարկային ժամանակահատվածի մնացած 5 ամսվա համար այլ գործատուի վճարած եկամտի մասին օրենքով սահմանված կարգով Ձեր ներկայացրած տեղեկանքի հիման վրա այդ եկամուտը պետք է հաշվի առնվի մայրության նպաստ նշանակող գործատուի կողմից` միջին աշխատավարձը հաշվարկելիս:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ մայրության նպաստ նշանակող գործատուն պետք է հաշվի առնի նաեւ այլ գործատուի կողմից վճարած եկամտի չափը եւ աշխատանքային ժամանակահատվածը:
ՀԱՐՑ. Ըստ նոր օրենքի՝ ՀՀ քաղաքացիները կարող են ԱՄՆ մուտքի վիզա ստանալ 10 տարի ժամկետով: Կցանկանայի պարզել՝ ինչպե՞ս եւ ումի՞ց կարող եմ տեղեկանալ՝ արդյո՞ք ես կարող եմ ստանալ մուտքի վիզա՝ 10 տարվա ժամկետով եւ ի՞նչ ընթացակարգով:
Վարդան Ղազարյան (31 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. 2015թ. հունվարի 1-ից Միացյալ Նահանգները սկսել է վիզաների թողարկումը՝ Հայաստանի Հանրապետության հետ ձեռք բերված նոր փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն: Տուրիստական ու գործնական նպատակներով Միացյալ Նահանգներ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին տրամադրվում է բազմակի մուտքի վիզա մինչեւ 10 տարի վավերականության ժամկետով, իսկ F, M, կամ J տեսակի վիզաներով ուսման նպատակով մեկնողներին, փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց տրամադրվում է մինչեւ 5 տարի վավերականության ժամկետով բազմակի վիզա:
Բոլոր իրավասու դիմողների համար միանգամից դիտարկվում է առավելագույն վավերականության ժամկետով վիզայի տրամադրումը, որի համար դիմողից որեւէ լրացուցիչ քայլ չի պահանջվում: Վիզա ստանալու իրավասության պայմանները մնում են նույնը, ինչ եղել է վավերականության ժամկետը մեծացնելուց առաջ: Ընթացակարգին վերաբերող մանրամասների համար այցելեք մեր կայքը՝ http://armenia.usembassy.gov/visas.html:
ԱՄՆ դեսպանատուն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014 թ. խաղարկությամբ ներգաղթային արտոնագիր տրամադրվել է մոտ 1.200 ՀՀ քաղաքացու: 2015 թ. հունվարի 1-ից Միացյալ Նահանգները կսկսեն վիզաների թողարկումը՝ ՀՀ-ի հետ ձեռք բերված նոր փոխադրաձ պայմանավորվածությունների համաձայն: Թե ազատականացված Վիզային ռեժիմի ներդրումն առաջիկայում ինչպիսի ազդեցություն կունենա երկու երկրների միջեւ միգրացիոն եւ տնտեսական գործընթացների վրա, ցույց կտա ժամանակը: Իսկ առայժմ մեր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս առավելագույնս ծանոթանալ վիզայի տրամադրման կարգին, ապա միայն ԱՄՆ մեկնելու պլաններ կազմել եւ համապատասխան ծախսեր կատարել: