Սպանված կուրսանտի հոր խնդրանքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին հայտնաբերել են ինստիտուտի մարզահրապարակի պտտաձողի վրա կախված վիճակում: Հարազատները դեռ չեն տեսել Հայկազի դին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած տղայի հոր մտերիմ ընկերը` Էդգարը, հայտնեց, որ երբ հայրը գնացել է ինստիտուտ, տղայի դին ցույց չեն տվել նրան. «Ասել են, որ հետաքննություն է կատարվում: Հայրը ինստիտուտից հետո եկավ աշխատանքի վայր, իրեն կորցրած մեզ խնդրում, աղաչում էր, որ մի բան անենք՝ իրեն թույլ տան երեխային տեսնել»:

Տեղեկացնենք, որ 20-ամյա Հայկազ Բարսեղյանը 10 տարի է, ինչ ընտանիքի հետ ապրում էր Արարատի մարզի Նիզամի համայնքում: Երեք տարի առաջ ավարտել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը եւ սովորում էր Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում: Ուներ երկու եղբայր:

Մայրը տնային տնտեսուհի է, իսկ հայրը՝ Արկադի Բարսեղյանը, աշխատում է Մալաթիա տոնավաճառում որպես կոշկակար: Ինչպես պարզեցինք ինքնասպան եղած տղայի հոր մտերիմ ընկերոջից` Էդգարից, դեպքի մասին առաջինը տեղյակ են պահել Նիզամի համայնքի ղեկավար Հարութին Կարապետյանին:
Գյուղապետը տեղեկանալով կատարվածի մասին՝ գնացել է Բարսեղյանների տուն. «Արկադը տանը չի եղել, գյուղապետը համարձակություն չի ունեցել Արկադի կնոջն ասել ճշմարտությունը: Ընդամենը հաղորդել է, որ իրենց տղան ուսումնարանում ինչ-որ խնդիր ունի, ծնող են կանչել: Հետո գյուղապետը զանգահարեց ինձ ու պատմեց եղելությունը:

Այդ ժամանակ Արկադը կողքս էր, բայց ռիսկ չարեցի ասել, թե երեխու հետ ինչ է եղել: Ասինք՝ Արկա՛դ, քեզ կանչել են ինստիտուտ ու ճանապարհեցինք: Շոկի մեջ ենք: Ախր տղան այնքան գոհ էր, երբեք չի դժգոհել ոչ մի բանից: Հետո նա ռազմական կյանքին սովոր երեխա էր, ինչու նման բան պետք է լիներ, մեր մտքով երբեք չի անցել, որ այդ երեխան ունակ էր նման բան անելու»:

Էդգարի խոսքով` դեկտեմբերի 31-ին Հայկազին ինստիտուտի ղեկավարությունը տոնական խրախուսանք էր տվել՝ տուն ուղարկելով. «Մինչեւ հունվարի 7 մնաց տանը, իրեն անհրաժեշտ բաներ գնեց: Արձակուրդը պրծավ, գնաց, այդ օրվանից մինչ օրս Հայկազը ծնողների հետ չի խոսել, ասել է՝ եթե պետք լինի, ես ձեզ կզանգահարեմ»:

Մեր զրուցակցից պարզեցինք, որ երբ Արկադը ինստիտուտ է գնացել եւ կատարվածի մասին իմացել է, հետ է վերադարձել աշխատանքի վայր` Մալաթիա տոնավաճառ. «Շոկի մեջ էր, ասեց, որ իրեն ոչ մի կոնկրետ բան չեն ասել: Ասել են միայն՝ հետաքննություն է գնում: Անգամ չեն թողել իր երեխային տեսնի: Հայրը գնացել էր տուն, զանգահարել ու ասում էր, թե մի բան արեք, գնամ երեխուս տեսնեմ, ի՞նչ անենք մենք, որ թույլ տան երեխուն տեսնի: Չգիտեմ»:

«Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ձեռքերը սուր գործիքով կտրատված են եղել: Նույնիսկ ձեռքերի ափերի մեջն է կտրատված եղել: Թերեւս դա է պատճառը, որ երբ կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, գնացել է ռազմական ինստիտուտ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, հրաժարվել են նրան ցույց տալ որդու դին՝ պատճառաբանելով, թե քննություն է գնում: Պարզվում է՝ իրականում նրան սպանել են, ապա տարել ու կախել պտտաձողից: Թե ով, ինչու, դեռ պարզ չէ»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս