ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշումների լայնածավալ արշավ է իրականացրել՝ Nvidia ընկերության նախկին ղեկավար Ջենսեն Հուանգին պաշտոնում վերադարձնելու նպատակով։ CNN-ի փոխանցմամբ՝ այդ գործընթացին անձամբ ներգրավվել է Թրամփը, ինչպես նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հուանգը ղեկավարի պաշտոնից հեռացել էր սկանդալի պատճառով, սակայն ընդամենը 11 օր անց՝ երկուշաբթի օրը, ընկերությունը հայտարարեց նրա վերադարձի մասին։ Որոշմանը նախորդել են Սպիտակ տան մի քանի օր տևած բանակցություններն ու ճնշումները Nvidia-ի տնօրենների խորհրդի նկատմամբ։
CNN-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը անձամբ կապ է հաստատել ընկերության խորհրդի անդամների հետ՝ պաշտպանելով Հուանգին և համոզելով, որ նրա վերադարձը կարևոր է ոչ միայն ընկերության, այլև ԱՄՆ տնտեսության համար։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես անմիջական կապի մեջ է եղել Հուանգի և Nvidia-ի խորհրդի հետ՝ հավաստիացնելով, որ կառավարությունը նրա գործողություններում ազգային անվտանգության համար սպառնալիք կամ անօրինականություն չի հայտնաբերել։
Թրամփը երկուշաբթի CNBC-ին տված հարցազրույցում հաստատել է, որ անձամբ է կապվել ընկերության խորհրդի հետ։ «Ես ուղղակիորեն և անուղղակիորեն խոսել եմ խորհրդի հետ և շատ վճռական դիրքորոշում ունեի այս հարցում։ Կարծում եմ՝ մեր մեծ աստղերից մեկը կրկին խաղի մեջ է»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Հուանգի հեռանալուց հետո Nvidia-ի բաժնետոմսերի գինը կտրուկ նվազել էր, ինչն անդրադարձել էր նաև ամերիկյան ֆոնդային շուկայի ընդհանուր վիճակի վրա։ CNN-ի տվյալներով՝ Թրամփը մտահոգված էր շուկայի անկմամբ և համոզված էր, որ Nvidia-ի ղեկավարի վերադարձը կարող է կայունացնել իրավիճակը։ Սկզբում նա դիտարկել էր նաև Apple-ի նախկին ղեկավար Թիմ Քուքի թեկնածությունը, սակայն ընկերությունը ղեկավարի պաշտոնում նշանակել էր ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսին։ Թրամփը, սակայն, դժգոհ էր նրա հրապարակային ելույթից։
Հուանգի շուրջ սկանդալը կապված էր ամուսնությունից դուրս հարաբերությունների մասին նրա հայտարարության և Չինաստանի հետախուզության հետ կապեր ունենալու մեջ կասկածվող Ալիս Հուանգի հետ ունեցած կապի հետ։ Վերջինս աշխատել է Megaspeed ընկերությունում, որը գնել է Nvidia-ի չիպերը։ ԱՄՆ պաշտոնյաները մտահոգություն են հայտնել, որ այդ չիպերը հետագայում կարող էին հայտնվել Չինաստանում։
Դեպքի առնչությամբ ԱՄՆ Կոնգրեսում երկու կուսակցությունների ներկայացուցիչները հետաքննություններ են սկսել՝ ուսումնասիրելու Հուանգի վարքագիծը և դրա հնարավոր հետևանքները ազգային անվտանգության տեսանկյունից։ Միաժամանակ ԱՄՆ առևտրի նախարարությունը պատրաստվում է Megaspeed ընկերությանը ներառել սահմանափակումների ենթակա կազմակերպությունների ցանկում, ինչը կսահմանափակի ամերիկյան արտահանումների հասանելիությունը։
Nvidia-ի խորհրդի որոշումը քննադատության է արժանացել նաև հանրապետականների շրջանում։ Սենատոր Փիթ Ռիքեթսը հայտարարել է, որ Հուանգի վարքագիծը չի արդարացնում նրան պաշտոնում վերադարձնելը։ Մյուս կողմից՝ Իլոն Մասկը ողջունել է որոշումը՝ գրելով, որ «սխալն ուղղվել է»։
CNN-ի փոխանցմամբ՝ Հուանգը հաջորդ հինգշաբթի առաջին անգամ հրապարակային ցուցմունք է տալու ԱՄՆ Սենատի բանկային հարցերով հանձնաժողովում։ Ակնկալվում է, որ քննարկման կենտրոնում կլինեն ինչպես նրա անձնական կապերի շուրջ առաջացած հարցերը, այնպես էլ Թրամփի վարչակազմի միջամտությունը Nvidia-ի ղեկավարի վերադարձին։
























































































