Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերին Տաջիկստանի պաշտոնյայից նվեր է ստացել վագրի պատկերով նկար։ ArmLur.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում ուսումնասիրել է նախարարի նվերների հաշվառման ձևաթուղթը և պարզել, որ նվերի գնահատված արժեքը կազմել է 309 հազար 5 դրամ։
Հայտարարագրի համաձայն՝ նվերը Մաթևոսյանին հանձնել է Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ Ահմադջրեի Շերապիզոդան։ ArmLur.am-ը արձանագրեց, որ նվերը ստացվել է 2026 թվականի հոկտեմբերին՝ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի ընթացքում։
Նվերը ֆիզիկական առարկա է՝ 30×30 սանտիմետր չափերով, շրջանակով և քարային հիմքով վագրի պատկերով նկար։ Համբարձում Մաթևոսյանի ներկայացրած ձևաթղթում դրա արժեքը գնահատվել է 309 հազար 5 դրամ։
ArmLur.am-ը ուսումնասիրեց նաև նվերի արժեքի վերաբերյալ ներկայացված լրացուցիչ պարզաբանումը։ Ըստ դրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 01-Ն որոշման հիման վրա համացանցում առկա բաց աղբյուրների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նմանատիպ նկարների արժեքը, կախված օգտագործված նյութերից, պատրաստման եղանակից, չափերից և այլ հանգամանքներից, կարող է տատանվել 175 հազար 200 դրամից մինչև 492 հազար 261 դրամի սահմաններում։ Նմանատիպ նկարի միջին արժեքը գնահատվել է մոտ 309 հազար 95 դրամ։
Սոնա Գրիգորյան




























