ԿԳՆ-ն պատասխանում է Պոլիտեխնիկի գիտական և ուսանողական խորհուրդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի պատասխան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի գիտական և ուսանողական խորհուրդների կողմից ստացված` ուսանողական խորհուրդների կանոնադրության վերաբերյալ գրությունների, ՀՀ ԿԳՆ համապատասխան ստորաբաժանումները կատարել են ուսումնասիրություն և պատասխանել դիմող կողմերին:

Նախարարության պատասխանում, մասնավորապես, նշվում է, որ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասի` բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը: Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի՝ տվյալ դեպքում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

Այն դեպքերում, երբ ՀՀ կառավարության որոշման, տվյալ պարագայում` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի կանոնադրության և օրենքների միջև առկա է հակասություն, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի` գործում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթները: Ելնելով վերոգրյալից` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, որպես կրթության պետական կառավարման լիազորված մարմին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատելիս գործել է բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

Ինչ վերաբերում է առկա հակասությանը, ՀՀ ԿԳ նախարարությունը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման մարմինները՝ խորհուրդները, պետք է հետամուտ լինեն նմանօրինակ հակասություների վերացման հարցում՝ թյուրընկալումներից խուսափելու և տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու համար:




Լրահոս