«ՖԵՅՍԲՈՒՔ»-Ը ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԷԼ ՏԱՐԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն` վերջին օրերին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է իր մոտ կանչել քաղաքապետարանին ենթակա կառույցների աշխատակիցներին եւ հրահանգել գրանցվել «Ֆեյսբուք»-ում՝ մասնակցելու այնտեղ կազմակերպված քվեարկություններին: Սակայն Վ. Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ ասելով. «Էդ ի՞նչ բան է, էդ ի՞նչ բամբասանք է: Դա մեր աշխատաոճը չէ եւ չի համապատասխանում իրականությանը: Մարդիկ կան, որ ուզում են ինտրիգա ստեղծել ու տալիս են մեր անունը: Կրկնում եմ՝ դա մեր ոճը չէ»:
Հավելենք, որ թեեւ հանգստյան օրերին ընթացող քվեարկություններում առաջատարը եղել է ԲՀԿ անդամ, բայց «ճակատագրով» ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը, այնուամենայնիվ, Վարդանիկը շարունակում է «Ֆեյսբուք», «Օդնոկլասսնիկի», 1001 golos.ru կայքերի միջոցով փորձել ցույց տալ իշխանություններին, թե իր վարկանիշը բարձր է: Ավելին, ի հեճուկս խոսնակի հերքումների, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, այս օրերին  ֆեյսբուքյան իրական եւ կեղծ հաշիվներ են բացում նույնիսկ Վ. Ղուկասյանի թիկնազորի անդամները, ինչն էլ առաջացրել է գյումրեցիների ծիծաղը: Մեզ հետ զրույցում նրանցից մեկն իրենց հատուկ ոճով կատակեց. «Վարդանիկի ախրանեն արդեն կըսե, թե մեր զենքը կամպյուտրի մգնիգն է»:




Լրահոս