Էրդողանի տապալված պլաններն ու Տիգրան Սարգսյանի ամերիկյան լոբբինգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական hurriyetdailynews.com կայքը լայնածավալ հոդված է հրապարակել վերջին ժամանակներում ԱՄՆ-ի հետ իր ունեցած հարաբերությունների մասին՝ դրանք դիտարկելով նաև հայ-թուրքական հարաբերությունների ֆոնին:

Խոսելով Վաշինգտոնի հետ հարաբերությունների մասին՝ թուրք վերլուծաբանները բազմիցս են արձանագրել՝ ԱՄՆ-ի հետ իրենց բարեկամությունը ոչ լավագույն ժամանակներն է ապրում:

«Այդ առումով ճգնաժամային էր 2007 թվականը. այդ ժամանակ Թուրքիան Վաշինգտոնից հետ կանչեց իր դեսպանին, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում քվեարկության դրվեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը: Հետագայում, սակայն, ԱՄՆ-ի՝ այդ ժամանակվա նախագահ Ջորջ Բուշը չեղյալ համարեց փաստաթուղթը:

2008-ին նախագահ Օբաման խոստացավ ընդունել Հայոց ցեղասպանությունը»,-գրում է հոդվածի հեղինակն ու հավելում, որ Օբամայի համար դա հայերի մոտ տպավորիչ հանդես գալու հնարք էր:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ աղբյուրը գրում է. «Այս տարին կարևոր է հայերի համար, քանի որ նրանք պատրաստվում են մեծ շուքով նշել 1915 թվականի իրադարձությունները: Տարին կարող է շրջադարձային լինել»,- խոստովանում է հոդվածի հեղինակն ու արձանագրում, որ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ուղղված աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին՝ ապրիլի 24-ին գալ Հայաստան, շատերի կողմից ընդունվել է: Մինչդեռ Էրդողանի հրավերը` նույն օրը գնալ Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի՝ այսպես կոչված, հաղթանակին նվիրված տոնակատարությանը, այդքան էլ էնտուզիազմով չի ընդունվում: Իսկ Սարգսյանի պատասխանը հրավերին եղավ ժխտողական. նա անգամ երկրի պառլամենտից հետ կանչեց 2009-ին նախաձեռնված հայ-թուրքական արձանագրությունները:

Շարունակելով խոսքը Հայաստանի համար այդքան կարևոր իրադարձության՝ ապրիլի 24-ի մասին, պարբերականը նշում է, որ ՀՀ համար հույժ կարևոր է ԱՄՆ-ի ներկայությունն ու դերակատարությունը: Այս առումով կարևորվում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի դերը: «ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը միջազգայնորեն հայտնի դեմք էր, ով եղել է նաև երկրի նախագահն ու Կենտրոնական բանկի ղեկավարը: Դեսպան նշանակվելուց հետ Սարգսյանի հիմնական նպատակներից մեկն էր համախմբել բոլոր հայկական օղակները միասնական լոբբինգի հովանու ներքո՝ մոռացության տալով ներքին բոլոր խնդիրներն ու բանավեճերը»,-եզրափակում է աղբյուրը:




Լրահոս