Օգնելով ընկերոջը՝ սուտ ցուցմունք է տվել և հայտնվել դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց Ձորի մարզի բնակիչ 25-ամյա Արթուր Կարապետյանը ընկերոջը օգնելու սուտ տեղեկություններ հայտնելու համար հայտնվել է դատարանում: Վերջինս մեղադրվում է սուտ մատնության մեջ:

Կռվի սկիզբը

2012թ. Վայոց Ձորի մարզում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի կիզակետում էին հայտնվել մարզի բնակիչներ Լազարն ու Աշոտը: Ավելին՝ վիճաբանությունն այն աստիճանի էր թեժացել, որ բանը հասել էր դանակահարությանը: Արդյունքում՝ խուլիգանության փաստի առթիվ ոստիկանության Վայոց Ձորի մարզում հարուցվել էր քրեական գործ: Վիճաբանող տղաներից Աշոտի ընկերը՝ Արթուր Կարապետյանը, ոստիկանությունում հայտնել էր, որ ինքը ականատես է եղել, թե ինչպես է Լազարը դանակով հարվածել իր ընկերոջ հորը եւ լինելով վկա՝ երկու անգամ հրավիրվել է ոստիկանություն եւ ցուցմունք տվել, որ ինքը վկա է եղել եւ տեսել, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել: Ինչեւէ, այս գործով ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Հրաչյա Պողոսյանը, ավարտելով գործի նախաքննությունը, այն ուղարկել էր դատարան:

Ոտքի, դատարանն է գալիս

Երբ դատարանում հերթը հասել է այս գործով վկա Արթուր Կարապետյանին, որպեսզի վերջինս պատմի կատարվածը, Արթուրը ոչ ավել, ոչ պակաս դատարանում հայտնել է, որ ինքը տեղյակ չէ վիճաբանությունից եւ նախաքննության ընթացքում որեւէ բան չի ասել: Ավելին՝ դատարանում Արթուրը վստահեցրել է, որ իր ստորագրությունը նմանեցված է, եւ այն, ինչ գրված է ցուցմունքում, իր ձեռագիրը չէ: Ավելի ուշ Արթուրին հրավիրել են ոստիկանություն եւ հայտնել, որ գործը քննող, Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Հրաչյա Պողոսյանը կեղծել է իր նախաքննական ցուցմունքը: Ուստի ստեղծված պատկերը հիմք է դարձել, որպեսզի հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով հարուցվի քրեական գործ` պաշտոնական կեղծիք անցնելը պատժվում է ազատազրկմաբ 5 տարի ժամկետով հատկանիշներով: Արդյունքում՝ ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում մեկ այլ իրավիճակ է ստեղծվում:

Փաստորեն, Արթուր Կարապետյանը խոստովանել է, որ ամեն ինչում մեղավորը ինքն է եւ հայտնել, որ այն, ինչ ասել է նախաքննության ընթացքում, սուտ է ասել, ստորագրությունն իրենն է, ձեռագիրը՝ նույնպես: Իսկ թե ինչու է վերջինս սուտ ցուցմունք տվել, Արթուրը պատճառաբանել է հետեւյալ կերպ՝ թե ցանկացել է օգնել կռվի մեջ հայտնված ընկերոջը:

Փոս փորողն ինքը փոսն ընկավ

ՀՔԾ-ն, հիմք ընդունելով, որ Արթուր Կարապետյանը նախազգուշացված է եղել սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին եւ, այնուամենայնիվ, շրջանցելով օրենքը, կատարել է այդ արարքը, ասել է թե՝ պաշտոնական կեղծիք կատարելու մեջ մեղադրել է Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Հրաչյա Պողոսյանին:

Այսօր 25-ամյա տղային սուտ մատնության համար մեղադրանք է առաջադրվել:
«Ժողովուրդ»-ը ՀՔԾ լրատվական ծառայության ղեկավար Միքայել Ահարոնյանից տեղակացավ, որ Արթուր Կարապետյանի կողմից ՀԿԳ քննիչ Հրաչյա Պողոսյանի նկատմամբ ակնհայտ սուտ մատնություն կատարելու` 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Քնար Մանուկյան




Լրահոս