Համընդհանուր անմեղսունակության և անբարոյականության շքերթ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին աբսուրդի թատրոն հիշեցնող ՀՀ քաղաքական թատերաբեմում հաստիքային կամ արտահաստիքային ծաղրածուների պակաս չի զգացվում: Համընդհանուր անմեղսունակության եւ անբարոյականության այս շքերթում ժամանակ առ ժամանակ հատկապես խղճալի վիճակում են հայտնվում հակամարտող քաղաքական ուժերի երիտանդամներն ու խոսնակները: Իրավիճակի տրագիկոմիզմն այն է, որ նրանք հանդես են գալիս այնպիսի մեծամիտ եւ սնափառ կեցվածքով, կարծես թե իրենցից որեւէ բան է կախված այլեւս եւ երբեւիցե:

Իսկ այդ ընթացքում նրանց քաղաքական հայրերը կայացնում են հերթական անբարոյական որոշումները, որոնց արդյունքում իրենց մեծամիտ հայտարարություններն է՛լ ավելի անհեթեթ լույսի ներքո են ներկայանում: ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի այս անդամները չեն էլ նկատում, որ մեծերի խաղում «ոտքի տակ ընկնելով»՝ իրենք կրկնակի են հեղինակազրկվում, քանզի մեծերին այդ ամենը կարող է ներվել, մինչդեռ իրենց դեպքում քաղաքական ծաղրածուի պիտակը մաքրելն այլեւս դժվար է լինելու:

Զորօրինակ` ինչ ասել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այլեւս անտանելի դարձած քաղաքական պոպուլիզմի շարունակական դրսեւորումը: Մարդն էլի իր հին երգն է երգում այն դեպքում, երբ նրա առաջնորդը` Գագիկ Ծառուկյանը, այլեւս կորցրել է երգելու թե՛ հնարավորությունը, թե՛ հավեսը: Արդեն իսկ հայտնի է, որ Ծառուկյանը պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից, նա այդ մասին բաց տեքստով ասել է բազմաթիվ թիմակիցների: Սակայն կամ նրանց շարքում չի եղել Ուրիխանյանը, որը, ի դեպ, շատ հաճախ է նշում, որ ինքը կոմպետենտ չէ մեկնաբանելու Գագիկ Ծառուկյանի հետ կապված տեղեկությունները, կամ երիտասարդ ԲՀԿ-ականը դեռեւս չի կարողանում հաշտվել սեփական առաջնորդի կողմից նման ձեւով «քցված» լինելու մտքի հետ: Ամեն դեպքում, արտահերթ ընտրությունների պահանջի շարունակման մասին Ուրիխանյանի հայտարարություններն առաջացնում են երկու հակասական զգացմունքներ՝ խղճահարություն եւ ծիծաղ:

Պակաս ոչ ադեկվատ չէ նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարի ռեակցիան իր քաղաքական հոր` Լեւոն Տեր-Պետրոսյանի` Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ հանդիպելու վերջին խնդրանքի շուրջ: Դարձյալ ի հակառակ Տեր-Պետրոսյանի` սեւով սպիտակի վրա գրած խնդրագրին՝ Զուրաբյանը պնդում է՝ Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանդիպումը բացառվում է: Ըստ նրա` հանդիպման առաջարկ անելով` «Տեր-Պետրոսյանը ուզում էր Ս. Սարգսյանին հասկացնել, որ ցեղասպանության հարյուրամյակը նա չպետք է օգտագործի ԲՀԿ-ին հարվածելու համար»: Հետաքրքիր է, թե ինչ է ասելու Զուրաբյանը Տեր-Պետրոսյանի` երեկ հրապարակած «Սրտիս պարտքը» հոդվածի մասին, որն այլ բան, քան ԲՀԿ-ի մասին մահախոսական որակել հնարավոր չէ:

Դե, իսկ ՀՀԿ-ի` փետրվարի 12-ին բեմած ծաղրածուների մասին խոսելն ավելորդ է: Նրանց համար, թերեւս, ամենից ծանրն է լինելու ռեաբիլիտացիան:




Լրահոս