ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ անկախ նրանից, թե ովքեր կբողոքեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարեգործական երթուղիների աշխատանքից, դրանք մշտապես գործելու են:
-Տիկի՛ն Զոհրաբյան, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ սահմանահատումների հաշվառման տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստան ժամանածների եւ ՀՀկ-ից մեկնածների թիվը համապատասխանաբար եղել է 1 մլն 68 հազար 159 եւ 1 մլն 151 հազար 919: Հեռացողների թիվը հասել է 83 հազար 760-ի: Ինչի՞ հետեւանք է սա:
-Շատ կարեւոր հարց եք տալիս, այսօր մեր երկրի հիմնական ու գերակա խնդիրներից երեքը կկարեւորեի՝ արտագաղթ, աղքատություն եւ արդարության պակաս: Սա աղետ է: Ես զարմանում եմ, որ կառավարության որոշ ներկայացուցիչներ շատ թեթեւորեն են վերաբերում այդ լրջագույն խնդրին: Մենք արդեն կանգնած ենք աղետի եզրին եւ այսպես թեթեւորեն նայել, հումորով հարցազրույցներ տալ արտագաղթի վերաբերյալ, ինչպես որոշներն են դա արել, ես, իհարկե, չեմ հասկանում: Մարդիկ այսօր բախվում են տարբեր ատյանների հետ, որտեղ բացարձակ անարդարություն է տիրում: Պետք է այդ հարցը լուծվի, թե չէ երկիրը դատարկվելու է ահա այսպիսի տեմպերով:
-Իսկ ովքե՞ր են լուծելու այդ հարցը, ո՞վ կամ ովքե՞ր են այս ամենի մեղավորներն ու պատասխանատուները:
-Պատասխանատու են նրանք, ովքեր պետք է ամեն ինչ անեն, որպեսզի երկրում լինեն նորմալ աշխատատեղեր, որ կարողանան զբաղվածության խնդիրը լուծել, այլ ոչ թե խոսեն տնտեսական ինչ-որ իմիտացիոն աճերի մասին, որի տակ իրական հենք չկա: Չխոսեն ավազե ամրոցների կառուցման մասին, չխոսեն քաղաքի տեխնոպարկի, չգիտեմ, Գյումրին մշակութային կենտրոն, Դիլիջանը, Ջերմուկը… չգիտեմ ինչեր դարձնելու, այդ կարգի իլյուզիաների մասին չխոսեն, այլ ռեալ իրականության մասին խոսեն: ԲՀԿ-ն, այս ամենը հաշվի առնելով, հրաժարվեց կոալիցիա կազմելուց, եւ քարոզարշավի ժամանակ մեր հիմնական թիրախները դրանք են եղել. ի՞նչ անել արտագաղթը կասեցնելու համար, ի՞նչ անել աղքատության դեմ պայքարելու եւ արդարությունը վերականգնելու համար:
-Բայց այս թվերն աճել են այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն կոալիցիոն գործընկեր էր ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ, այսինքն՝ ինչ-որ չափով ԲՀԿ-ն եւս այդ ամենի մեղավորն է:
-Բացարձակապես ոչ, որովհետեւ կոալիցիայի մաս եղած ժամանակ էլ ԲՀԿ-ն բազմիցս ասել է, որ երկրում սխալ տնտեսական քաղաքականություն է վարվում: Մենք մշտապես բարձրաձայնել ենք վերը նշված խնդիրները եւ նշել` ահա այս խնդրին այսպիսի լուծում պետք է տալ: ԲՀԿ-ն, անգամ լինելով կոալիցիայի անդամ, բազմիցս խոսել է, եւ մենք միշտ ասել ենք, որ լինել կոալիցիայի անդամ` դեռ չի նշանակում լինել սիամական երկվորյակներ եւ բոլոր հարցերի վերաբերյալ ունենալ միատեսակ դիրքորոշում: Մենք ասել ենք` սխալ տնտեսական քաղաքականություն է տարվում, որը հասցնելու է ահա այսպիսի աղետալի հետեւանքների:
-Ընդդիմությունն այս ամենի ելքը տեսնում է իշխանափոխության մեջ, ո՞րն է ԲՀԿ-ի առաջարկած «դեղամիջոցը»:
-Մենք ասել ենք, որ երկրում պետք է տարվի ճիշտ տնտեսական քաղաքականություն, եւ Գագիկ Ծառուկյանն իր հայտարարության մեջ Ձեր բոլոր հարցերի պատասխանները տվել է: Պետք է ներկայացվի այն, ինչն իրականում կա, ինչ թվեր որ առկա են, պետք է լինի թիմի փոփոխություն, քանի որ այս թիմն ի վիճակի չէ այդ քաղաքականությունն իրականացնել:
-Վերջին օրերին ադրբեջանցիները գնդակոծում են Տավուշը, մասնավորապես Այգեպար համայնքը, գյուղացիները անելանելի վիճակում են ու չգիտեն՝ ինչպես պաշտպանվեն…
-Իսկապես տեղին էր այդ սահմանամերձ գյուղի բնակիչների վրդովմունքը, որ մարզպետն անգամ չի բարեհաճել լինել այնտեղ: Այսօր մեր պատգամավորներից կազմված խումբը մեկնելու է այդ գյուղերը: Մեր պատգամավորները տեղում կտեսնեն՝ ինչով կարող են օգնել բնակիչներին: Առաջին հերթին դա պետք է լիներ տեղի մարզային իշխանությունների եւ կառավարության հոգածության խնդիրը, ոչ թե մարզպետն անգամ չբարեհաճի մտնել գյուղեր` տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ:
-Այսօր ոմանց համար «գլխացավանք» են դարձել Գագիկ Ծառուկյանի բարեգործական երթուղիները, քանի որ դրանք վնասում են մյուս երթուղիների վարորդների աշխատանքին:
-Մոտավորապես հասկանալի է, թե այդ բողոքողները որտեղից են ուղղորդվում, բայց մեզ համար կա մեկ հրամայական. դա աբովյանցիների խնդրանքն է, պահանջն է, որ այդ բարեգործական երթուղիները գործեն, որովհետեւ մարդիկ ի վիճակի չեն երթուղու գումարը տալ: Եւ քանի դեռ աբովյանցիները դրա կարիքն ունեն, անկախ նրանից, թե դա ում է դուր գալիս, ում դուր չի գալիս, անկախ նրանից, թե ովքեր ինչ «բողոքի» ակցիաներ են անում, այդ երթուղիները գործելու են:
ԱՎԱԶԵ ԱՄՐՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՉԱՐԺԵ ԽՈՍԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ