Ավետիսյանների սպանության գործով մի շարք փորձաքննություններ կանցկացվեն. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել մի քանի փորձաքննությունների կատարմանը ներկա գտնվելու համար, որը բավարարվել է:

Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց ինքը` փաստաբանը: «Խոսքը հիմնականում դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննությունների մասին է, որի շրջանակներում պետք է հետազոտվեն հանցագործության գործիքը, դեպքի վայրից հայտնաբերված ինքնաձիգը, պարկուճները, հագուստները և այլն: Այդ փորձաքննություններով պետք է պարզվի բոլոր գնդակները նույն զենքից են կրակվել, թե՞ ոչ, զենքի վրա խլացուցիչ դրված եղե՞լ է, թե՞ չի եղել և այլն»,- մանրամասնեց Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով` ամենայն հավանականությամբ, երեքշաբթի օրը` մարտի 10-ին, կմասնակցեն փորձաքննության կատարմանը: «Քանի որ փորձաքննությանը բազմաթիվ մասնակիցներ կան և հարմարվելու խնդիր կա, այդ իսկ պատճառով դեռևս համաձայնությունների փուլում է»,- ասաց փաստաբանը: Նա տեսակետ հայտնեց, որ արդեն իսկ մի շարք փորձաքննությունների արդյունքներ պետք է հայտնի լինեին, սակայն թե ի՞նչն է պատճառը, որ հայտնի չեն, Երեմ Սարգսյանը դժվարացավ պատասխանել:

«Չնայած նրան, որ փորձաքննությունները ծավալուն են և ժամանակ են պահանջում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ արդեն որոշ փորձաքննությունների եզրակացություններ պետք է հայտնի լինեին: Բայց ամեն դեպքում բացառվում է, որ փորձաքննությունների եզրակացությունները չլինեն, մեկ օր ուշ մեկ օր շուտ, միևնույն է լինելու են»,- ասաց Ավետիսյանների փաստաբաններից Երեմ Սարգսյանը և հավելեց` վերը նշված փորձաքննությունների եզրակացությունը գործով շատ կարևոր հարցերի պատասխաններ կտան:

Հիշեցնենք, որ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը մեղադրվում է հունվարի 12-ին Ավետիսյան ընտանիքի յոթ անդամների, այդ թվում` 1,8 տարեկան Հասմիկի և 6-ամսական Սերյոժայի սպանության մեջ:




Լրահոս