Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ քրեական խողովակներից ստացված տեղեկությունների համաձայն` Երրորդմասցի Լյովիկին` (Լևոն Ղազարյան) և նրա ընկերներին` Մոսոյին (Մեսրոպ Նազարյանց) և Դերոյին (Դերենիկ Թադևոսյան) սպանելու մեջ մեղադրվող Շենգավիթի բնակիչներ Տլեն և Ծգլը, որպես այդպիսին, որևէ բանով հայտնի չեն: Նրանք, կարելի է ասել, այս գործով կրկին որպես մեղադրյալ անցնող Գաստիկի «սպասավորներն» են ու մշտապես կատարել են նրա հրահանգներն ու ցուցումները:
Հիշեցնենք, որ մեզ հասած տեղեկություններով` նրանք անգամ զենք գտնել չէին կարող` իրենց սև գործն անելու համար: Ավելին, շրջապատում նրանց համարում են որպես քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, տարիներ առաջ սպանված Երրորդմասի բազարի Կյաժի` Արամ Սահակյանի եղբորորդիների` Գագուլի, Սուրոյի և Վահրամի «դաստիարակած տղաներ»:
Ավելորդ չենք համարում նկատել, որ Բազարի Կյաժի սպանությունն իր դրդապատճառներով և բնույթով մի շարք ընդհանրություններ ունի Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով հայտնի նախնական փաստերին. և´ Բազարի Կյաժը, և´ Երրորդմասցի Լյովիկը սպանվել են վրեժխնդրությունից դրդված: Իսկ թե ինչպիսին կլինի Երրորդմասցի Լյովիկի սպանության գործի հանգուցալուծումը, ցույց կտա ժամանակը, սակայն փաստն այն է, որ այս աշխարհի ներկայացուցիչների համար ներում-բեկում չկա և չի եղել:
Սրանից ելնելով` կարելի է ենթադրել, որ Երրորդմասցի Լյովիկին սպանողներին սպասվում է նույն այն ճակատագիրը, ինչին արժանացավ Բազարի Կյաժին սպանողը: Վերջինս դիմահար կրակոցով սպանվեց: Այս պատմական էքսկուրսով ցանկանում ենք ասել, որ մեր երկրում հանցագործությունների մի մեծ մասը տեղի է ունենում հենց այն պատճառով, որ հանցագործին և հանցագործությանն ադեկվատ գնահատականներ չի տրվում հենց իրավապահ համակարգի կողմից: Այլ կերպ ասած՝ իրավապահներն են և´ հանցագործին բռնողը, և´ նրան ազատ արձակողը:
Իսկ հիմա ավելի նյութական. դեռևս 2007 թվականի փետրվարի 15-ի լուսադեմին մայրաքաղաքի անդորրը վերստին խախտվել էր կրակոցներով, այդ անգամ` «Ռելաքս» ակումբում: Արձակված կրակոցներից սպանվել էր հանցավոր աշխարհում «հեղինակություն» համարվող Մըգստը` Մհեր Պողոսյանը: Հենց նրա անունն էլ ժամանակին կապվում Երրորդմասցի բազարի Կյաժի սպանության հետ: Երկու այսպես ասած` «հեղինակություններ»-ի միջև «հակամարտությունը» սկսվել էր դեռ տարիներ առաջ, երբ հերթական «ռազբորկաններից» մեկի ժամանակ Մըգստը ատրճանակով օդ էր կրակել:
Սա դուր չէր եկել Բազարի Կյաժին, վերջինս օդ կրակելը կապել էր ոստիկան կանչելու հետ և այս մասին բարձրաձայնել որոշակի շրջանակներում: Իսկ ահա Մըգստն էլ վիրավորվել էր այդ փաստից ու մի օր վրեժխնդիր եղել` «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգով գնդակահարելով Կյաժին:
Սպանությունից հետո նա դիմել էր փախուստի: Որոշ ժամանակ անց` 1998-ին միայն Ռուսաստանում նրան ձերբակալել, բերել էին Հայաստան: Նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Սակայն 3-րդ մասի շուկայի տնօրենին դիմահար կրակոցով սպանած քրեական հեղինակությունը 1,5 տարի հետո ազատության մեջ էր հայտնվել: «Դատապարտյալների հիվանդանոց» տեղավորված Մըգստին դուրս էին «պրծացրել» բժիշկների տված «ախտորոշմամբ»: Նշել էին, թե նա առողջական լուրջ խնդիրներ ունի` տառապում է «լյարդի ցերոզով», ինչն անհամադրելի է անազատությանը:
Տեղեկացնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` «Ռելաքս» ակումբում ծագած «ռազբորկայի» հետևանքով տեղի ունեցած սպանությունը հերթականն էր այն հանցագործություններից, որոնց մասնակիցները՝ և՛ սպանության մեջ կասկածվողը, և՛ երկու սպանվածները, ոչ միայն հանցաշխարհի ներկայացուցիչներ են, այլև նրանց թվում կա նախկինում հանցագործություն կատարած, բայց այդպես էլ արժանի պատիժ չկրած մի հեղինակություն: «Ռելաքսում» տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում էր ավելի ուշ ինքնախոստովանական ցուցմունքով իրավապահ մարմիններին ներկայացած, հանցաշխարհում հայտնի մի հեղինակություն՝ Մանումենտցի բարեց Հայկոն:
Վերջինս դեպքի օրը ընկերոջ՝ Արտաշես Համբարձումյանի հետ եղել է «Ռելաքսում», որտեղ նույն պահին գտնվել է նաև Մըգստը: Նկատելով Մըգստին՝ դուրս է կանչել նրան, և մի քանի րոպե անց լսվել են կրակոցի ձայներ: Ա. Համբարձումյանը, կրակոցների ձայնը լսելով, անմիջապես նետվել է դուրս և փորձել հանգստացնել իր ընկերոջը՝ Հայկոյին: Բայց վերջինս արդեն այդ պահին անկառավարելի վիճակում է եղել և իր ձեռքին եղած հրազենը մտցնելով Ա. Համբարձումյանի բերանը՝ կրակել և տեղում սպանել է նաև նրան: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի` Ա. Համբարձումյանը, ով մոտ հարաբերություններ ուներ ՀՀԿ երկու անդամների հետ, որոնցից մեկը թաղապետ էր, մյուսը՝ նախարար, նախկինում 10 տարվա ազատազրկման է դատապարտված եղել հենց Հայկոյի կատարած հանցագործության համար՝ կամովին իր վրա վերցնելով ընկերոջ կատարած հանցանքը:
Սպանության դրդապատճառն էլ, տեղեկությունների համաձայն, եղել է այն, որ Մըգստը 1998թ. «Կարմիր Բլուր» կոչվող գերեզմանոցում իր մոտ եղած ավտոմատով դիմահար կրակոցով և մի ամբողջ պարունակ դատարկելով՝ սպանել էր Կյաժ Արոյին: Բարեց Հայկոն այսկերպ վրեժխնդիր է եղել իր մտերիմ ընկեր Կյաժ Արոյի սպանության համար: Երկու հոգու սպանության մեջ մեղադրվող Բարեց Հայկոն ժամանակին, երբ ՀՀ ՆԳ նախարարը Վանո Սիրադեղյանն էր, եղել է փախուստի մեջ և Հայաստան վերադարձել միայն այն բանից հետո, երբ ՆԳ և ԱԱ նախարար է նշանակվել Սերժ Սարգսյանը: Նա փախուստի էր դիմել մարդու առևանգման մեջ մեղադրվելու պատճառով:
Բարեց Հայկոն, ի դեպ, ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) թիկնապահներից էր: Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Հայկոյի հրազենը, որով սպանվել էր մեկ այլ քրեական հեղինակություն, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից նվիրված զենքերից մեկն էր: Մըգստի անունը ևս կապվում է Անդրանիկ Մարգարյանի ու նաև հայաստանյան նախարարներից մեկի հետ: Այսինքն` Մըգստը հայտնի է եղել որպես իշխանական վերնախավի որոշ ներկայացուցիչների քիլլեր:
Նշենք, որ դեպքից ավելի վաղ Մըգստը Հայկոյին ասել էր` էդ ինչ դեղեր (թմրամիջոցներ) եք բերում-ցրում էս ջահելների մեջ, ինչը դուր չի եկել ոչ միայն Հայկոյին, այլև` նրա` պատգամավոր հովանավոր Ալրաղացի Լյովին: Նրանց ճանաչողները չեն բացառում, որ դա պարզապես առիթ է եղել` ցույց տալու, թե իրենցից ով է ավելի հզոր ու վերևներում հովանավորված:
Ինչևէ, ստացվում է տարիներ և շաբաթներ առաջ տեղի ունեցած դեպքերը բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Առաջինն այն է, որ դրանք տեղի են ունեցել վրեժխնդրությունից ելնելով, երբ մի քրեական հեղինակությունը մոռանալ չի կարողացել մեկ այլ քրեական հեղինակության կողմից նվաստացվելու հանգամանքը: Երկրորդ դրդապատճառով` քրեական հեղինակությունները խառնվել են քաղաքականությանը, սպասարկել են քաղաքական գործիչներին, ապա` հայտնվել զոհի դերում:
Մնում է սպասել` ինչ հանգուցալուծում կունենա մեծ աղմուկ հանած սպանության դեպքը: