Հայաստանը ոչինչ չունի սովորելու Ռուսաստանից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Ռուսաստանի Պետդումայում այլ բառով, քան խայտառակություն, դժվար է բնորոշել: Ռուսաստանի օրենսդիր մարմինը հրաժարվեց մեկ րոպե լռությամբ հարգել փետրվարի 28-ին Կրեմլի պատերի տակ գնդակահարված ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՌԴ նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովի հիշատակը: Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը պարզապես հրաժարվեց քվեարկության դնել «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Դմիտրի Գուդկովի առաջարկությունը` ասելով, թե Նեմցովի ընտանիքին արդեն ուղարկել է ցավակցական հեռագիր:

ՌԴ Պետդումայի ղեկավարի՝ նման ճղճիմ պահվածքը, որն, ի դեպ, դիմադրության չարժանացավ խորհրդարանականների կողմից, ի ցույց է դնում Ռուսաստանի այսօրվա դեմքը` անմարդկային եւ ծայրահեղ ցինիկ: Սակայն անգամ մարդու` մահվանից հետո դրսեւորված այս հիշաչարությունն իրականում պաթոլոգիայի հասնող ստորաքարշության դրսեւորում է, որը, ցավոք, պակաս արտահայտված չէ նաեւ Հայաստանում: Իրենց երբեմնի գործընկերոջ հիշատակի նկատմամբ այդպիսի վերաբերմունք դրսեւորելով` Պետդումայի պատգամավորները` Նարիշկինի գլխավորությամբ, բնականաբար, ձգտում էին ցույց տալ իրենց անվերապահ հավատարմությունը Պուտինին, ում ընդդիմանալու համարձակությունն էր ունեցել Բորիս Նեմցովը:

Այս ոհմակային գործելակերպը, ցավոք, հետզհետե ավելի ու ավելի ցցուն դրսեւորումներ է ունենում նաեւ Հայաստանում: Դա առավել ակնհայտ դարձավ հատկապես փետրվարի 12-ին, երբ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ ԳՄ նիստում Գագիկ Ծառուկյանի դեմ ունեցած ելույթից հետո հանրապետականների մեծ մասը համապատասխան կենդանուն տրվող հարձակման հայտնի հրահանգը ստացածի նման հարձակվեց Գագիկ Ծառուկյանի վրա` մեկեն հիշելով նրա բոլոր թերություններն ու մեղքերը եւ իսպառ մոռանալով, որ նույն Ծառուկյանի հետ տարիներ շարունակ գործընկերներ են եղել եւ ոչ մեկ անգամ աղուհաց կիսել:

Ժամանակին, երբ դեռ նոր էր համալրել Հանրապետական կուսակցության շարքերը, Սերժ Սարգսյանը Գալուստ Սահակյանի որդու թեկնածությունը պաշտպանելու հարցի հետ կապված արեց իր հայտնի հայտարարությունը` «կուսակցությունը հո ոհմակ չի»: Դժվար է ասել` նա դա ասաց կուսակցական փորձի պակասի, թե Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառույցում այլախոհության առկայության վրա վստահ լինելու պատճառով: Թեեւ հիմա դա արդեն էական էլ չէ, էականն այն է, որ իր ղեկավարման ինը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին հաջողվեց ոհմակի վերածել ոչ միայն Հանրապետական կուսակցությունը, այլեւ երկրի ողջ իշխանական վերնախավը:

Այնպես որ, կայացնելով ԵՏՄ-ին անդամակցելու որոշում, Սերժ Սարգսյանը միանգամայն սիրահոժար կերպով կատարեց իրեն հոգեհարազատ արժեհամակարգային ընտրություն:




Լրահոս