Հայաստանը Ռուսաստանի պահվածքից մտահոգվելու նոր պատճառ ունի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արարատի ստորոտին» միջազգային մեդիա-ֆորումում Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի, ապա դրան հետեւած հարցուպատասխանի ընթացքում մի քանի խիստ ուշագրավ հայտարարություններ հնչեցին ինչպես Հայաստանի արտաքին, այնպես էլ ներքին խնդիրների շուրջ:

Սարգսյանի ամենաուշագրավ անդրադարձը, սակայն, վերաբերում էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու շարունակական գործընթացին: Պատասխանելով այդ մասին մոսկովյան պարբերականներից մեկի լրագրողի հարցին` Սերժ Սարգսյանը նախ` հիշեցրեց ՀՀ եւ ՌԴ միջեւ «Բարեկամության եւ փոխադարձ օգնության պայմանագրի» եւ ՀԱՊԿ շրջանակներում ունեցած դաշնակցային հարաբերությունների մասին, ապա նշեց.«Այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն, ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, եւ այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը եւ սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Սա խնդիր է, պրոբլեմ, եւ այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»:

Պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունն աննախադեպ էր` տոնայնության առումով: Իհարկե, նախորդ տարի արգենտինական պարբերականներից մեկին տված հարցազրույցում նա արդեն իսկ հայտնել էր իր մտահոգությունը ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, սակայն երեկվա հայտարարությունը միանգամայն այլ քաղաքական որակ ունի նախ եւ առաջ այն առումով, որ դա ասվել էր հենց հարցի հասցեատիրոջ` ռուսական լրատվամիջոցի ներկայացուցչին, եւ ասվել էր բավական վճռական` «պրոբլեմը պետք է լուծում ստանա» ձեւակերպմամբ: Էլ չասած այն կարեւոր հանգամանքի մասին, որ այդ հայտարարությունն արվել էր արտերկրի մի քանի տասնյակ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ:

Սրանից շուրջ մեկ ամիս առաջ էլ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ ռուսական գործակալություններից մեկին տված հարցազրույցում իր անթաքույց դժոհությունն էր հայտնել նաեւ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը` կոչ անելով Ռուսաստանին հաշվի առնել նաեւ իր ռազմավարական գործընկերոջ շահերը, իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ օրերս այդ հարցով իր մտահոգությունն էր բարձրաձայնել սլովենական պարբերականի հետ զրույցում: Եվ եթե հիշում ենք, թե այս խնդրի հետ կապված ընդամենը մեկ կամ երկու տարի առաջ ինչպիսի գնահատականներ էին հնչեցնում նույն Ս. Օհանյանը կամ Է. Նալբանդյանը, ու համադրում նրանց վերջին հայտարարությունների, առավել եւս` Ս. Սարգսյանի երեկվա հայտարարության հետ, ակնհայտ է դառնում, որ Հայաստանը Ռուսաստանի պահվածքից մտահոգվելու նոր, գուցե դեռ հանրությանն անհայտ լրջագույն պատճառ ունի:




Լրահոս