Երեկ` մարտի 18-ին, երեկոյան ժամը 17:30-ին, ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական և «Զավարյան» ուսանողական միությունների 60 հոգանոց խումբը ցույց էր կազմակերպել Բեյրութի «Ա.ԲԵ.ՍԵ Էշրեֆիե» հանրախանութի սրահի մուտքի մոտ, ուր պետք է ցուցադրվեր Լիբանանում թուրքական դեսպանատան կողմից «Son Mektup» («Վերջին նամակը») թուրքական ֆիլմի ցուցադրությունը. տեղեկացնում է Aztagdaily-ն:
Դաշնակցական երիտասարդներն ու ուսանողները, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շապիկներ հագած, անգլերեն և արաբերեն պաստառները ձեռքներին, անցորդներին Հայոց ցեղասպանության մասին թռուցիկներ են բաժանել: Այս ամենը վրդովմունք է առաջացրել թուրքական դեսպանատան անվտանգության ուժերի և համակիրների շրջանում, ովքեր ազգայնամոլ կոչերով հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա:
Հայկական կողմը դիմադրել է հարձակմանը, որից հետո միջամտել են լիբանանյան ներքին անվտանգության ուժերն ու բաժանել երկու կողմերին: Թուրքերը սկսել են բղավել «Էրդողա´ն, Էրդողա´ն», որին հայկական կողմն արձագանքել է՝ «Ցեղասպա´ն, ցեղասպա´ն» ասելով:
Այս դեպքի պատճառով վիրավորվել է երկու հայ երիտասարդ, ովքեր պատրաստվում են դիմել համապատասխան դատական ատյաններ: