Սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է շնչառական վարակների և գրիպով հիվանդացության դեպքերի կտրուկ աճ: ՀՀ առողջապաության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը շուրջ մեկ ու կես անգամ:

«Գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակի բռնկումը կանխարգելեու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և առաջարկությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հանրակրթական հաստատություններում գարնանային արձակուրդները երկարաձգվեցին»,- ասաց Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով` վերլուծությունները ցույց են տալիս, որ դեպքերի գրեթե 80 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է 5800 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5600 դեպքի դիմաց: Ներկայումս ստացիոնար պայմաններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 570 հիվանդ: 160-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ, որոնցից 120-ը մանկահասակ երեխաներ են: Նշենք, որ թոքաբորբը զարգացել է ուշացած դեպքերում: Այս տարի սուր շնչառական վարակներով պայամնավորված մահվան դեպքեր չկան:

«Սա էր պատճառը, որ ահազանգը հիմք ընդունելով, ինչպես նաև վերլուծելով տարածաշրջանի համաճարակային իրավիճակը առաջարկվեց երկարաձգել գարնանային արձակուրդները»,- ընդգծեց բանախոսը:

Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար` ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բնակչությանը խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային բժիշկին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և ամենակարևորը` չզբաղվել ինքնաբուժմամբ:

Կարևոր է պահպանել նաև եղանակին համապատասխան հագնվելու, հազի և փռշտալու վարվելակարգը, ինչպես նաև անհրաժեշտ է հնարավորինս շատ հեղուկներ օգտագործել և փակ տարածքները հաճախակի օդափոխել:




Լրահոս