Ադրբեջանի կողմն անցած 22-ամյա զինծառայողն առողջական խնդիրներ ունի. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էր  Armlur.am-ը, երեկ` ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում,  հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Գրիգորյանը:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ զինծառայողը ԼՂՀ Մարտունու շրջանի բնակիչ է: Մեզ հետ զրույցում պայմանագրային զինծառայողի ծննդավայր համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հայտնեց, որ Անդրանիկը վերջին շրջանում առողջական խնդիրներ ուներ, ինչը նկատել էին նաև նրա ծառայակից ընկերները:

Մեր զրուցակցի փոխանցմամբ` ինքը երեկ զրուցել է Անդրանիկի հոր` Արարատ Գրիգորյանի հետ, ով իրեն ասել է, որ որդին երբևէ հակառակորդի սահմանն անցնելու մտադրություն չի ունեցել, այդ հարցի շուրջ իրենց հետ չի խոսել. «Հիմա ամեն մեկն իր վարկածն առաջ կքաշի, ադրբեջանցին էլ իր ուզած ձևով իրավիճակը կներկայացնի, բայց փաստն այն է, որ Անդրանիկը երբևէ նրանց հանձնվելու մասին չի խոսել: Հնարավոր է` պահի ազդեցության տակ է ինչ-որ բան արել, նման քայլի գնացել: Մի քանի օր առաջ էր իր համար մեքենա գնել, ամեն ինչ կյանքում նորմալ հունով ընթանում էր: Ամուսնացած չի»:

Արդեն հայտնել էինք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, որում պատկերված են ԼՂՀ ՊԲ պայմանագրային զինծառայողի` իրենց մոտ հայտնվելու դրվագները: Զինծառայողի կողմից մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից)։ Կատարվում է նախաքննություն:




Լրահոս