Այսօր ԱԺ-ի նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծն արժանացավ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի քննադատությանը:
Նշենք, որ օրինագիծը մշակել են Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը, Արծվիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մհեր Շահգելդյանը: Այն նախատեսում է ԱԺ-ում նոր մարմնի՝ բյուջետային գրասենյակի ստեղծում: Այդ գրասենյակում պետք է աշխատեն համակարգող փորձագետն ու 4 այլ փորձագետներ, որոնք պետք է բյուջեի մուտքերի ու ծախսերի վերաբերյալ տեղեկանքներ տրամադրեն, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին տրամադրեն մասնագիտական աջակցություն և տեղեկատվություն:
Գ. Ջհանգիրյանը նշեց, որ ոչ ոք չի խոսում ստեղծվող մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակի մասին. «Ո՞նց կարա ԱԺ աշխատակազմինը լինեն աշխատողները, ու ինքը աշխատկազմինը չլինի: Տեղեկանքը հո չի՞ արտադրում. պետք է հարցումներով ստանա, բայց այդ լիազորությունը չի գրվել: Հո ժեկ չի՞, որ մենակ տեղեկանք տա», – նշեց նա:
Պատգամավորի խոսքով` վախենում են, որ ԱԺ պատգամավորները Վերահսկիչ պալատի զեկույցները կարդան, չեն հասկանա, այս մարմնին են ասելու՝ տեղեկանք տվեք: Դիտարկմանը, թե մարմին չի, Գ. Ջհանգիրյանը հակադարձեց. «Եթե մարմին չի, ուրեմն` կա´մ ֆիզիկական անձ է, կա´մ ՍՊԸ: Ո՞ր մեկն է: Ո´չ էն եք գրում, ո´չ էն»: Նրա այս հայտարարությունը հարուցեց պատգամավորների մի մասի ծիծաղը:
«Սա լոբի ուտողների միությո՞ւն է, գարեջրի կողմնակիցների՞ ՀԿ է: Ի՞նչ է: Բա աշխատավարձ եք տալիս: Որ մարմին չի, ի՞նչ է: ՎՊ-ի դեմ եք ստեղծում, ասե´ք: Եթե չեք վստահում ՎՊ նախագահին, հանե´ք դրան: Բայց մարմիններ սարքելով` ո՞նց կլինի», – նշեց նա, ապա ՀՀ Սահմանադրությունը ցույց տալով՝ Գ. Ջհանգիրյանն ասաց, թե սա է մեր հիմնական օրենքը. «Դուք հակասահմանադրական մարմին եք ստեղծում: Ես գիտեմ, որ ձեր միջի իրավաբանները համակարծիք են ինձ հետ», – եզրափակեց պատգամավորը: