Իշխող ռեժիմը նախաձեռնել է նոր գրոհ. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում իշխող ռեժիմը նախաձեռնել է նոր գրոհ ժողովրդի սահմանադրական իրավունքների վրա` հաստատված բռնապետությունն ամրապնդելու նպատակով: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Երկրում արդեն իսպառ ոչնչացված է ընտրությունների ինստիտուտը, ինչի հետևանքով Հայաստանը դարձել է Եվրոպայի այն սակավաթիվ երկրներից, որտեղ իշխանությունը չի կարող փոխվել ընտրությունների արդյունքում: Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման միակ խոչընդոտը, հետևաբար, մնացել է գործող Սահմանադրության 50-րդ հոդվածի այն դրույթը, ըստ որի՝ «նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հայաստանի նախագահի պաշտոնում»,- նշեց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ Ս. Սարգսյանն իր պաշտոնավարման երկրորդ ժամկետում նախաձեռնել է սահմանադրական փոփոխություն, որի հիմքում ընկած է երկրի կառավարման մոդելը փոխելու գաղափարը:

«Զավեշտալին այստեղ այն է, որ Սերժ Սարգսյանը, ինչպես ինքը հրապարակավ հայտնել է, անձամբ կողմնակից է կառավարման գործող մոդելին և դեռ վստահ չէ, որ կառավարման նոր՝ խորհրդարանական մոդելը կարող է ապահովել Հայաստանի և՛ արտաքին, և՛ ներքին կայունությունն ու անվտանգությունը, ընդունելով միաժամանակ, որ գործող Սահմանադրությունն այդ առումով իր առաքելությունը կատարում է: Ժողովրդավարական ազգերը գիտակցում են, որ կառավարման ձևը մեկընդմիշտ հաստատված խաղի կանոն է, քաղաքական պայքարի մեկընդմիշտ գծված շրջանակ, որի փոփոխությունը վտանգավոր է», -ընդգծեց նա:

Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ  երկրի քաղաքական սոցիալ-տնտեսական համակարգի արատավորությունը որևէ կապ չունի Սահմանադրության հետ, և խորացող ճգնաժամի պայմաններում երկրի կառավարման մոդելի փոփոխությունը հետապնդում է մեկ նպատակ՝ ապահովել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը 2018 թվականից հետո:

«Ոչ մի արժանապատիվ ազգ թույլ չի տա բռնապետության դեմ երաշխիք հանդիսացող սահմանադրության նկատմամբ նման ոտնձգություն: Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերը և հասարակությունը կմիավորվեն նախաձեռնած սահմանադրական գործընթացը Սերժ Սարգսյանի ռեժիմին անվստահություն հայտնելու համաժողովրդական հանրաքվեի վերածելու համար»,- եզրափակեց պատգամավորը:




Լրահոս